ԿարևորՄիջազգային

Իսրայելի կառավարությունը միաձայն մերժել է Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում միաձայն մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևը, համաձայն որի Պաղեստինը կառույցում ստանում է դիտորդ-պետության կարգավիճակ:
Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» գործակալությունը: Իսրայելի կառավարության նիստի ժամանակ նախարարները հայտարարել են, թե ՄԱԿ-ի բանաձևը «որևէ կերպ չի փոփոխի իրավիճակը վիճարկվող տարածքներում, չի հաստատում ու չի հերքում Իսրայել պետության և հրեա ժողովրդի իրավունքները «Իսրայելի հողերի» նկատմամբ»:

«Իսրայելի ժողովուրդը ունի բնական, պատմական և իրավական իրավունք իր հայրենիքի և իր հավերժ մայրաքաղաք Երուսաղեմի նկատմամբ», — ասված է ընդուված հայտարարությունում: Հիշեցնենք, նոյեմբերի 30-ին Պաղեստինը Միացյալ ազգերի կազմակերպությունում ստացել էր դիտորդ-պետության կարգավիճակ: Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ էին քվեարկել ՄԱԿ-ին անդամ 193 պետություններից 138-ը, 9-ը՝ դեմ, 41 պատվիրակություն ձեռնպահ էր մնացել: Մինչ այս Պաղեստինը ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում ներկայացվում էր որպես «դիտորդ սուբյեկտ»: Պաղեստինի կարգավիճակի բարձացումը հնարավորություն կընձեռի վերջինիս մասնակցել վեհաժողովի քննարկումներին, ինչպես նաև մեծացնել իր մասնակցությունը ՄԱԿ-ին առընթեր կառույցներում: Բացի այդ, հնարավոր է Իսրայելի նկատմամբ միջազգային տրիբունաներում ռազմական հանցագործությունների վերաբերյալ հայցեր ներկայացվեն: «Գլխավոր վեհաժողովը վերահաստատում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967 թ-ից օկուպացված պաղեստինյան տարածքներում Պաղեստին պետության անկախությունը», — ասված էր բանաձևի տեքստում: Բանաձևի ընունումից անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել որում նշված էր, թե Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից ՄԱԿ-ին դիմելու «միակողմանի քայլը» կոպտորեն խախտում է Իսրայել պետության հետ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button