ԿարևորՄշակույթ

Թբիլիսիի հայոց եկեղեցիները. հնգամյա աշխատանքից հետո ցուցահանդեսը բացվեց

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանի մայրաքաղաքում բացվել է « Թբիլիսիի հայկական եկեղեցիները երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել են քաղաքում մինչև 1930 թ. գործող 26 հայկական եկեղեցիները: Դրանց մի մասը խորհրդային տարիներին քանդվել են, մի մասն էլ փոխանցվել Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Ցուցահնդեսի բացմանը ներկա են եղել Վրաստանի կառավարության, պատրիարքարանի ներկայացուցիչներ, հյուրեր նաև Հայաստանից:

Մի շարք հայ և վրացի նկարիչներ մոտ հինգ տարի է, որ պատրաստվում էին այս ցուցահնդեսին, որի գաղափարը թբիլիսահայ հայտնի գեղանկարիչ Ժան Խաչինն (Վարուժան Խաչատուրով) էր:
Ցուցահանդեսին ներկայացված են Թբիլիսիի հայկական եկեղեցիները, որոնց մեծ մասն այլևս չկա:
Վիրահայոց թեմը սպասում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին վերջապես կվերադարձնի հայկական 6 եկեղեցիները: Դրանց թվին են պատկանում Ախալցխայում գտնվող ՍուրբՆշանը (XIX դար) և Թբիլիսիի Սուրբ Նորաշենը(XV դար), Սուրբ Նշանը (XVIII դար), Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (երկրորդ անվանումը` Կարմիր Ավետարան, XVIII դար), Երևանցոց Սուրբ Մինասը (XVIII դար), Մուղնու Սուրբ Գևորգը (XIV դար):
«Այս ամբողջն այս երկրում ապրող մարդկանց մշակույթն է, որը մենք բոլորս պետք է պահպանենք: Թբիլիսիում գործել է 26 հայկական եկեղեցի, սակայն այսօր նրանցից միայն երկուսն է գործում: Ավելի քան 10 եկեղեցի ոչնչացվել է, 7 վրացականցվել: Սպասում ենք, որ 6 հայկական եկեղեցիները կվերադարձվեն»,- ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախնյանը։
Հիշեցնեմ, որ Վրաստանի խորհրդարանը անցյալ տարի փոփոխություններ կատարեց Քաղաքացիական օրենսգրքում` իրավաբանական կարգավիճակ տալով Վրաստանի 5 կրոնական կազմակերպությունների` այդ թվում Հայ Առաքելական եկեղեցուն:
Վիրահայոց թեմը, Հայաստանի Ազգային արխիվի հետ պատրաստել է մի գիրք, ըստ որի՝ Թբիլիսի քաղաքի հայկական եկեղեցիների թիվը 28-ն է:
«Դրանցից մեկը գտնվել է Մետեխի բանտում, մյուսը գերեզմանոցում, մնացյալ 26-ը քաղաքում: Այդ բոլոր եկեղեցիների մասին փաստաթղթերը, լուսանկարները ներկայացված են գրքում», ասում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Նրա խոսքով՝ գիրքն արդեն պատրաստ է և շուտով լույս կտեսնի:

Թողնել պատասխան

Back to top button