Հասարակություն

Էլեկտրոնային կառավարման զարգացման նոր ծրագիրը կարժենա 1,3 մլն եվրո

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Երևանում ազդարարվեց էլեկտրոնային կառավարման զարգացման երկամյա ծրագրի  մեկնարկի մասին: Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող այս նոր նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական ռեգիստրի թվայնացմանը և մեր երկրի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի: Ծրագրի արժեքը 1,3 մլն եվրո է։
Էլեկտրոնային կառավարման համակարգը  մեր երկրում վերջին տարիներին զգալի ընդլայնվել է և այս գործընթացը շարունակում է գրավել նորանոր ոլորտներ: Այսօր մեկնարկած ծրագիրը թույլ կտա թվայնացնել պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային գործարքների իրականացման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, կառավարության հետ հաղորդակցվելու ոլորտներում:
Այս նպատակով ներդրվելու նոր էլեկտրոնային փոստի համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին կունենա իր հասցեն:  Էլեկտրոնային կառավարման զարգամանն ուղղված այս ծրագիրը կարևորեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
«Կարծում եմ, որ այս ծրագրի իրագործումը էապես կնպաստի ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և պատշաճ կառավարմանը՝ հանգեցնելով կարգավորիչ դաշտի բարեփոխումներին ի նպաստ վարչական կարողությունների զարգացման և վարչարարական բեռի ու խոչընդոտների նվազեցման»:

Ներկայացնելով մեր երկրում 2008-2012 թվականների ընթացքում  էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում իրականացված բարեփոխումների արդյունքները, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշեց, որ արդեն ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ. մասնավորապես  էլեկտրոնային  ստորագրություն , Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն համակարգեր, Հարկատու 3 համակարգ,  էլեկտրոնային ռեգիստր՝ բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, էլեկտրոնային վճարումներ, Առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ,  Առցանց դիմումներ կառավարությանը,  «ԴատաԼեքս» եւ «Արլիս» դատաիրավական համակարգեր, Հարկային մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգ, . Էլեկտրոնային պատկերասրահ և Նույնականացման քարտեր։

Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավարը, այս տարիների ընթացքում հաջողվել է ապահովե իրավական և փաստաթղթային բազայի թափանցիկությունը, ինչպես նաև զգալի դյուրացվել է քաղաքացիների կողմից պատկան պետական մարմիններ դիմելու ընթացակարգը:

Մոտակա 2 տարիների ընթացքում, շնորհիվ այսօր մեկնարկած ծրագրի կներդրվեն եւս 7  էլեկտրոնային կառավարման համակարգեր.

  • արխիվների թվայնացում,
  • էլեկտրոնային փոստ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար,
  • քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ,
  • էլեկտրոնային վիճակագրական հաշվետվություններ,
  • էլեկտրոնային առողջապահական համարկարգի ստեղծում,
  • շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համարարգ,
  • էլեկտրոնային հյուպատոսություն։   

Դրանց թվում է լինելու և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն անվճար տրամադրվող էլեկտրանային փոստը: Այն կհանդիսանա պետության կողմից արագ ծանուցման հնարավորություն, ինչպես նաև թույլ կտա իրականացնել պետական ծառայությոններում նույնականացում:

Թողնել պատասխան

Back to top button