Հասարակություն

Բուժումը կատարվել է բժշկական կանոնների համաձայն. ՊՆ պարզաբանման հետ մահացած զինվորի հարազատները համաձայն չեն

ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան կապակցությամբ, որը արյան հիվանդություն ուներ եւ բուժման նպատակով տեղափոխվել էր Մոսկվա, Դմ. Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտ, պարզաբանմամբ է հանդես եկել պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում:
Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում և ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով հետագա բուժումը կազմակերպելու նպատակով Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ տնօրինությունը պաշտոնապես դիմել է ՌԴ ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի, ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության կենտրոններին և ք.Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցին, որոնք զբաղվում են այս հիվանդության բուժման հարցերով: Միաժամանակ, ոսկրածուծի դոնորների ռեգիստրի կողմից, որպես ոսկրածուծի դոնոր հետազոտվել է հիվանդի քույրը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս ունի անհամատեղելիություն հիվանդի հետ ու չի կարող հանդիսանալ որպես դոնոր:
ՌԴ ք.Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր բ.գ.դ. Ա.Մասչանի եզրակացության համաձայն՝ ոսկրածուծի համատեղելի արյունակից դոնորի բացակայության պայմաններում, որպես բուժման առաջին փուլ գերադասվում է կոմբինացված իմունոսուպրեսիվ բուժումը ցիկլոսպորինի և հակալիմֆոցիտար գլոբուլինի կիրառմամբ:
Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ-ի կողմից 31.10.2012թ. տրված կարծիքի համաձայն նշված բուժումը խիստ ծանր է և իր մեջ պարունակում է հետագա ծանր բարդությունների մեծ վտանգ և ցանկալի է բուժումը կազմակերպել ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնում:
Զինվորին ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլագիայի կենտրոն տեղափոխելուց հետո բժիշկների կողմից ձեռնարկվել են հիվանդության դեմ ժամանակակից բժշկությանը հայտնի հնարավոր բոլոր միջոցները՝ Արթուրի կյանքը փրկելու համար:
Բուժման ընթացքում վերը նշված կլինիկայի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է միջպետական պայմանագիր՝ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարը փուլ առ փուլ վճարելու նպատակով: Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության՝ զինվորի բուժման ընթացքի և մահվան հանքամանքների վերաբերյալ արված հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինվորի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն չի եղել:
Արթուր Քոչարյանի պատշաճ բուժման պրոցեսը իրականացվել է առանց որևէ մեկի արձագանքը հաշվի առնելու, բժշկական կանոնների համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալ փաստաթղթային հիմանվորումներով»,- ասված է ՊՆ պարզաբանման մեջ։

Ավելի վաղ Արթուր Քոչարյանի ընտանիքի անդամները հանդես էին եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ «ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել»:

Թողնել պատասխան

Back to top button