ԿարևորՀասարակություն

Կոնգոյում վթարված ԻԼ 76-ի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են. նրանցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են

Կոնգոյում վթարի ենթարկված Իլ-76  բեռնատար ինքնաթիռի  անձնակազմը, նախնական տեղեկություններով, բաղկացած է եղել 7 հոգուց, որոնցից 5-ը` Հայաստանի քաղաքացիներ են: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը` հավելելով, որ մահացածների ինքնությունը դեռեւս ճշտում է: Նրանք եղել են օդաչուներ, անձնակազմի այլ անդամներ, որոնք պայմանագրային հիմունքներով աշխատում էին Կոնգոյում: Նելլի Չերչինյանը տեղեկացրել է, որ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը պատկանել է «AIR Service» ընկերությանը: Վթարի նախնական պատճառը կայծակն է եղել, որն, ականատեսների վկայությամբ, վնասել է օդանավի թեւը: Դեպքը պատահել է այսօր լուսադեմին` վայրէջք կատարելիս: Հիշեցնենք՝ Կոնգոյում Իլ-76  բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76-ը Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլ էր թռչել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով Ասոշիեյթեդ Փրեսին, հայտնում է, որ ուժեղ քամու եւ վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել  վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում եւ ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:

Թողնել պատասխան

Back to top button