ԿարևորՀասարակություն

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` դեկտեմբերի 1-ը նշվում է 1988 թվականից և իր մեջ պարունակում է կոչ` ուղղված համայն աշխարհի մարդկությանը` միավորելու բոլոր ջանքերը կասեցնելու ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի համաճարակը, որը դարձել է ողջ երկրագնդի լրջագույն մարտահրավերներից մեկը: Բազմաթիվ ուսումնասիրություններ ու հետազոտություններ այսօր թույլ են տալիս ասել, որ ՄԻԱՎ-ն այլևս մահացու հիվանդություն չէ: Այն կարելի է վերահսկել և կառավարել, բնականաբար համապատասխան բուժման շնորհիվ: Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է և տարվա կարգախոսն է «հասնել 0»-ի: Ըստ այդմ` մինչեւ 2015 թվականը  պետք է լինի 0 դեպք ՁԻԱՀ-ի նոր վարակման, 0 մահվան դեպք ՁԻԱՀ-ից եւ 0 խտրականություն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը` այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակ ունեցողների 1359 դեպք է, որից 70 տոկոսը` արական սեռի ներկայացուցիչների մոտ:

Սամվել Գրիգորյանի տեղեկացմամբ`վերջին տարիներին զգալի նկատվում է գրանցման դեպքերի աճ: Միայն այս տարվա 11 ամիսների ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 206 դեպք, որը հայաստանյան իրականությունում աննախադեպ ցուցանիշ է: Այդուհանդերձ սա չի նշանակում, որ գրանցվում են բոլոր դեպքերը և այս խնդիրը միայն Հայաստանը չէ, որ ունի:

Ի դեպ հետազոտման չգնալու խնդիրը միայն վարակի թաքնված շրջանը չէ: Շատերն այդ քայլին չեն դիմում նաև Միավ դրական կարգավիճակ ստանալու վախից, նկատեց հոգեբան Անուշ Մինասյանը: Հիմնականում այս հանգամանքն էլ դառնում է պատճառ, որ հիվանդությունը բացահայտվում է արդեն ուշացած փուլում: Այս առումով Սամվել Գրիգորյանը կարծում է, որ ամենամեծ խնդիրը իրազեկվածության պակասն է: Թեև վերջին տարիներին հասարակության խտրական վերաբերմունքը փոքր-ինչ փոփոխվել է, այդուհանդերձ անելիքներ դեռ շատ կան, և հասարակությունը իր իսկ խտրական վերաբերմունքը հաղթահարելու համար դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, նկատեց հոգեբանը:

Թողնել պատասխան

Back to top button