ԿարևորՀասարակություն

ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի և նրա գլխավորած պավիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Եվրամիության հետ մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից: Ազգային Ժողովի նախագահի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նա գոհունակությամբ փաստել է, որ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում և մենք մտադիր ենք մինչև 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել այդ գործընթացը:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ խորհրդարանական ընտրությունները անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են նաև միջազգային դիտորդական առաքելությունները և Հայաստանի իշխանությունները հաստատակամ են 2013 թ. փետրվարին նույնպես ավելի թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել: Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնել, որ նախագահական ընտրությունները ևս կանցնեն արդար և թափանցիկ:

Նշենք նաև, որ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: Ծիծեռնակաբերդի բարձունք նրան ուղեկցում էր Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Հիշեցնենք՝ Բարոզոն Երևանում է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Երեկ նա Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին:

Թողնել պատասխան

Back to top button