ԿարևորՀասարակություն

Ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` ԱԻՆ-ում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երեւանում։ Հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման մեջ ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող եւ տարհանման հանձնաժողովները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։

Խաղարկվող սցենարի համաձայն` նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արեւելք: Ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երեւանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք եւ Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների` կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Շարքից դուրս են եկել Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում` գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ, վնասվել են հիվանդանոցները եւ կենսաապահովման կազմակերպությունները:

Հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան: Նրանք փորձում են փլատակներից դուրս բերել իրենց տուժած հարազատներին` աշխատելով ձեռքով եւ ձեռքի տակ եղած գործիքներով: Երկրաշարժի հետեւանքով մասնակի փլվել են Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքերը: Վնասվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական շենքը եւ թռիչքուղին: ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Հիշեցնենք, որ սա Երեւանում ուժեղ երկրաշարժի թեմայով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այսօր անցկացրած խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժության խաղարկային սցենարն էր։

Ուսումնավարժությունը հետապնդում է մի շարք հիմնական նպատակներ: Մասնավորապես` ստուգել եւ կատարելագործել ՀՀ ԱԻ պետական եւ Երեւանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները եւ ունակությունները, արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի եւ միջոցների պատրաստականությունը` փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ, կատարելագործել կառավարման մարմինների եւ արձագանքող ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաեւ ստուգել ՀՀ ԱԻՆ եւ Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության համատեղ մշակած Երեւանի աղետի կառավարման պլանը։

Անցկացվող կառավարման մակարդակի` ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը, համաձայն խաղարկվող սցենարի, տեղակայված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շենքում, իսկ Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները` Երեւանի քաղաքապետարանում։

Ուսումնավարժության առաջին փուլում իրականացվել է մասնակիցների ազդարարում եւ հավաք։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Ուսումնավարժության ղեկավարը խնդիր է դնում մասնակիցների առաջ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի բացահայտման եւ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Ուսումնավարժության երկրորդ` գործնական փուլում արդեն իրականացվում են փրկարարական աշխատանքներ։ Ուսումնավարժության գործնական փուլին ներկա է գտնվել նաեւ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձանց հետ։

Թողնել պատասխան

Back to top button