ԿարևորՀասարակություն

Մտավորականները դժգոհ են Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի հրապարակած հերթական վճռից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական վճիռն էր հրապարակել, որով հայցվորների օգտին 112 հազար եվրոյի փոխհատուցում էր նշանակել: Մտավորականներն այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը որպես ՀՀ քաղաքացի, և որպես հարկատու զայրացած է: Նա նկատել է՝ «Մենք արվեստին, կրթությանը, կենսաթոշակառուներին կոպեկներ ենք տալիս, հազարավոր եվրոներ կամ դոլարներ ենք վճարում եվրոպական դատարաններում»: Գրող Արտեմ Հարությունյանը կիսել է Ռուբեն Բաբայանի կարծիքն ու հայ առաքելական եկեղեցուն ակտիվության կոչ արել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հերթական վճիռը Հայաստանի Հանրապետության դեմ: «Եհովայի վկաներ» կազմակերպության 19 անդամներ 2004-ին դիմել էին իշխանություններին, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնեն՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջով : Նրանք զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային ծառայության են անցել հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում: 2005-ի մայիս-հունիսին նրանք համապատասխան կառույցներին. տեղեկացրել են՝ քանի որ այլընտրանքային ծառայությունը եղել է բանակի վերահսկողության տակ, ուստի իրենք չեն շարունակում ծառայել և լքել են իրենց ծառայության վայրերը: Մի քանի ամիս կալանքի տակ գտվելուց հետո նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ծառայության հաստատություններն ինքնակամ լքելու համար, որը հետագայում կարճվել է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է գործն ու վճռել՝ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի երկու կետեր և պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը յուրաքանչյուր հայցվորին վճարել 6000-ական եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և նրանց բոլորին միասին 10.000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու հայցվորի պահանջ մերժել էր: Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, երբ կառավարությունը պարտավորվում է հազարավոր եվրոներ վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը որպես ՀՀ քաղաքացի ու որպես հարկատու մտահոգված ու զայրացած է.«Մենք մեր գրպանից հարյուր քանի հազար եվրո միայն այս գործի համար վճարել ենք: Եկեք, հասկանանք, որ պետական գանձատուն որպես այդպիսին գոյություն չունի: Սրանք մեր գումարներն են: Մենք արվեստին կոպեկներ ենք տալիս, մենք կրթությանը կոպեկներ ենք տալիս, կենսաթոշակառուներին կոպեկներ ենք տալիս, հազարավոր եվրոներ կամ դոլարներ ենք վճարում»:

Գրող Արտեմ Հարությունյանը կիսում է Ռուբեն Բաբայանի կարծիքը և նկատում՝ Առաքելական եկեղեցին պետք է մտնի արագ պայքարի մեջ, պետք է ակտիվ լինի: Իսկ հարկատուների գումարները երբեմն ձեռքի թեթև շարժումով ծախսվում են՝ ոչ թե ի օգուտ, այլ` ի վնաս քաղաքացու:  «Առաջարկում եմ հայ առաքելական եկեղեցուն ակտիվացնել պրոպագանդան, միայն եկեղեցունը չի, բայց եկեղեցին մեծ դերչ է խաղում: Եթե մենք ուզում ենք, որ հայ հավատացյալը գնա հայ եկեղեցու հովանու տակ, ապա պետք է ակտիվացնենք, և այդ պասիվ, սպասողական վիճակից դուրս բերենք մեր գործող եկեղեցական հաստատությունները, հոգևոր հաստատությունները»:

Ռուբեն Բաբայանը համախմբվածության ու հանդուրժողականության կոչ է անում՝ «Շատ ավելի հեշտ է փակել երեսը, քան փորձել մարդու հետ լեզու գտնել, զրուցել, դարձի բերել: Այստեղ նաև կարևորվում է եկեղեցու դերը»:

Թողնել պատասխան

Back to top button