Հասարակություն

Թուրքմենստանի նախագահն այցելեց Էջիմածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Ողջունելով նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունները: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Թուրքմենստանի նախագահի այցը Հայաստան նոր խթան պիտի հանդիսանա հարաբերությունների առավել սերտացման և զարգացման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց պրն. Գ. Բերդիմուհամեդովին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար և ջերմ վերաբերմունքի համար, որի արդյունքում հայ ժողովրդի զավակները կարողանում են կազմակերպել նաև իրենց հոգևոր ու մշակութային կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը դիմեց Թուրքմենստանի նախագահին` հնարավորություն ընձեռել վերականգնելու խորհրդային տարիներին ավերված Թուրքմենբաշիի հայկական եկեղեցին, ինչը կնպաստի Հայ Եկեղեցու լիարժեք գործունեությանը Թուրքմենստանի հայ համայնքի կյանքում և նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների միջկրոնական երկխոսությունը:

Իր խոսքում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն հայտնեց Հայաստան երկօրյա այցի ընթացքում արձանագրված արդյունքների առիթով: Անդրադառնալով Թուրքմենստանի հոգևոր կյանքին` նախագահը կարևորեց կրոնի դերը հասարակության կյանքում և մասնավորապես երիտասարդության դաստիարակության գործում: Ի պատասխան Ամենայն Հայոց Հայրապետի դիմումի` նախագահը հանձնարարական տվեց հանդիպմանը ներկա Թուրքմենստանի կառավարության ներկայացուցիչներին քննարկելու հարցը և դրական լուծում տալու Հայ Եկեղեցու խնդրին: Թուրքմենստանի նախագահը նաև հրավեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելելու Թուրքմենստան:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը արդյունավոր նախագահություն մաղթեց պրն. Բերդիմուհամեդովին` ի փառս Թուրքմենստանի և նրա ժողովրդի:

Թողնել պատասխան

Back to top button