Քաղաքական

Ճշմատությունը միայն բռունցքներով կարող ես վերցնել, համոզված է կոմունիստ Ռուբեն Թովմասյանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է։ Կոմունիստները հիշում ու նշում են այս օրը, անվերջ սիրով ու կարոտախտով խոսում սովետական տարիների  ձեռքբերումների ու գրանցած առաջընթացի մասին: Երևանը դժոխքային քաղաք էր, մենք եկանք շենացրեցինք, անվճար ուսուցում տվեցինք, արդյունաբերություն զարգացրեցինք և այդ ամենը 90-ականներին հողին հավասարվեց, բողոքում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար  Ռուբեն Թովմասյանը:

Հայաստանի առաջընթացը նա պայմանավորեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությամբ։ «Միայն հայ և ռուս ժողովուրդների բարեկամությամբ կծաղկի Հայաստանը»,- ասում է կոմունիստ Թովմասյանը:

Առջևում նախագահական ընտրություններ են, ի՞նչ են պատրաստվում անել կոմունիստները երբեմնի ծաղկուն Հայաստանը վերականգնելու համար, կմասնակցե՞ն արդյոք եկող տարի սպասվող ընտրություններին:
«Որոշումը կկայացնի Կենտրոնական կոմիտեի պլենումը»,- ասաց ընկեր Թովմասյանը, այդուհանդերձ նա նախապես հստակեցրեց, որ «մենք որևէ մեկին չենք սատարի, քանի որ մեր գաղափարախոսությունը չի համընկնում որևէ մեկի շուրջ համախբվելու»:

Ինչևէ՝ կոմունիստները պնդում են, որ միայն սոցիալիզմը կարող է առաջընթաց ապահովել երկրում։

Այս մտքին, ի դեպ, համամիտ է նաև Հայաստանի թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով։ ինչպես ինքն ասաց, ոչ մի կապ չունի Հայաստանի կոմունիստական և ոչ մի կուսակցության հետ։
Այդուհանդերձ՝ հեռակա շնորհավորեց կոմունիստներին Հայաստանի խորհրդայնացման օրվա առիթով։ Ի տարբերություն Ռուբեն Թովմասյանի՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանը համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրություններում միայն գաղափարական պայքար է լինելու։
Հնարավորություն տվեք, որ բոլորը միասին դուրս գան հարթակ ու հերթով ներկայացնեն իրենց գաղափարները և դուք կտեսնեք, որ ժողովուրդը հավանություն կտա իմ գաղափարին, համոզված է մարքսիստը, ով արդեն, ի դեպ, մասնակցության որոշում կայացրել է և չի պատրաստվում միավորվել ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ մեկ այլ ուժի հետ։ Նա միասնական թեկնածուի գոյությանը չի հավատում։
«Գագիկ Ծառուկյանը ֆինանսական կապիտալի օլիգարխ է, ես՝ գաղափարական և մեր միասնությունը դատապարտված է»,-  ավելացրեց Դավիթ Հակոբյանը: Իսկ անհրաժեշտ 8 մլն դրամ ընտրագրավն իր խոսքով 100 դոլար աշխատավարձ ստացող մարքսիստը կապահովի բարեկամների, ծանոթների, զավակների շնորհիվ։

Թողնել պատասխան

Back to top button