ԿարևորՔաղաքական

Կա հարաբերություններն էլ ավելի սերտացնելու ձգտում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը: Այցի շրջանակում Հայաստանի եւ Թուրքմենստանի կառավարությունների միջեւ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ եւ ընդլայնված կազմով հանդիպումներից հետո նախագահները հայտարարել են, որ ընդհանուր առմամբ հաստատել են հարաբերությունները նոր՝ առավել բարձր մակարդակի հասցնելու փոխադարձ ձգտումը:
Համաետեղ ճեպազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայաստանի ղեկավարի խոսքով` կողմերը շահագրգռված են երիտասարդ սերնդի, մասնավորապես ուսանողների միջեւ շփումները զարգացնելու հարցում:
Երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը կնպաստեն հայ-թուրքմենական համատեղ հանձնաժողովի նոր նախաձեռնությունները, որոնցից է, օրինակ, Թուրքմենստանի նախագահի առաջարկությամբ գալիք տարում անցկացվելիք բիզնես համաժողովը:
Թուրքմենստանի նախագահի տվյալ առաջարկը սիրով ընդունել է մեր երկրի ղեկավարը:

«Ես կարծում եմ` նման համաժողովի անցկացումը, անկասկած, լավ լիցքեր կտա մեր հարաբերություններին»,- ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի փոխանցմամբ` դիտարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային խնդիրներ: Միջազգային արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելիս` նախագահները հաստատել են համաշխարհային քաղաքականության առավել կարևոր հարցերի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնելը, ինչպես նաև` ընդգծել Հայաստանի և Թուրքմենստանի երկուստեք ձգտումն աջակցելու տարածաշրջանային և միջազգային մասշտաբներում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Թուրքմենստանցի պաշտոնակցին հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ միայն այդ մոտեցումն է բացառում այս կամ այն սկզբունքին առաջնայնություն տալը եւ կարող է հակամարտության երկարաժամկետ  կարգավորում ապահովել:

Մեր պետության ղեկավարը նշեց, որ ճեպազրույցին նախորդած հանդիպմանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: «Մենք հաստատել ենք խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու Հայաստանի եւ Թուրքմենստանի ձգտումը», — փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահները հայտարարեցին նաեւ երկու երկրների առկա ներուժի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման նպատակով: Այդ ամենին կնպաստեն նաեւ փոխադարձաբար երկու ժողովուրդների մշակույթի օրեր անցկացնումը Երեւանում եւ Աշգաբադում:

Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ ընդգծեցին, որ կայացած կառուցողական և արդյունավետ բանակցությունները, ինչպես նաև այցի ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին` իրեն և թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության և հյուրընկալման համար և Հայաստանի նախագահին հրավիրեց պաշտոնական այցով Թուրքմենստան` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց գոհունակությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Թողնել պատասխան

Back to top button