ԿարևորՀասարակություն

Թուրք փորձագետը դատապարտել է Ադրբեջանի «սաֆարովյան» գործարքը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այսօր մեկնարկել է «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումը: Դրան այս տարի մասնակցում են անվտանգության առաջատար փորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Թուրքիայից: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի տեղեկացմամբ` այս հանդիպումների օրակարգում են առաջին հերթին հարաբերությունները Հայաստանի եւ մեր երկրի հարեւան, սակայն ոչ բարեկամ երկրների միջեւ: Իր հերթին Թուրքիայի ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանի «սաֆարովյան» քայլը:

Աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության կողմնակից լինելու իր դիրքորոշումը Հայաստանն արտահայտել եւ արտահայտում է միշտ: Դրա վառ ապացույցն է հայկական խաղաղապահ ջոկատների ներկայությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում: Հարեւան Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում եւս Հայաստանը մշտապես ընդգծել է խաղաղ կարգավորման առաջնահերթությունը:

«Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումի բացմանն այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը կրկին ընդգծեց` մեր երկիրը խաղաղության կողմնակիցն է: Փոխարենը հարեւան Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանի համար: Հենց այս երկիրն է երկար ժամանակ մերժում ԼՂ հարցի կարգավորման խաղաղ մեխանիզմները` առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, մշտապես խախտում հրադադարը շփման գծում, մշտապես վանդալիզմի ենթարկում իր ներկա տարածքում գտնվող հայկական մշակութային կոթողները: Բաքուն իր կոռուպցիոն բոլոր լծակները գործի դնելով փորձում է նաեւ այլ երկրների հետ միջպետական հարաբերությունների վրա ազդել` խեղաթյուրելով պատմական իրական փաստերը եւ սեփական ժողովրդի պատկերացումները:

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդգծեց` Ադրբեջանը ստանձնած սեփական պարտավորությունների կատարման փորձ չունի, փոխարենը շարունակաբար ավելացնում է սպառազինության ծավալները եւ հրաժարվում ետ քաշել դիպուկահարներին առաջին գծից: Իրենց հարեւան եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի մի շարք քայլերի կտրուկ քննադատությամբ այսօր հանդես եկավ նաեւ անվտանգության հարցերով համաժողովի թուրք մասնակից, Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը: Մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու փառաբանումը թուրք մասնագետն անընդունելի է համարում:

Հայոց Ցեղասպանության մասին հարցը Մուստաֆա Այդինի համար սպասված էր, ասաց, թե հնարավորության դեպքում կծանոթանա Հայաստանի ազգային արխիվի հրապարակած բացառիկ փաստաթղթերին, որոնք եւս մեկ վկայությունն են Ցեղասպանության փաստի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգաորման առումով նրա մոտեցումները բարիդրացիական են: Թեեւ հենց Թուրքիայի մեղքով են դրանք սառեցված, սակայն Հայաստանի խաղաղ մոտեցումները պետք է հաշվի առնվեն :

«Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումին մասնակցում են մասնագետների ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հեղինակավոր վերլուծական կենտրոնների մասնագետներ: Նրանք պետք է որ Երեւանից վերադառնան հստակ եզրահանգումներով` հարեւանների հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու եւ ԼՂ հարցին խաղաղ լարգավորում տալու Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ:

Թողնել պատասխան

Back to top button