Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը վերսկսվել է


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Վրաստանում վերսկսվել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը: Նախկին վարչապետը մահացել էր 2005 թ. 42 տարեկան հասակում, պաշտոնական վարկածի համաձայն, գազի արտահոսքից: Սակայն նրա ընտանիքի անդամները մինչ այժմ պնդում են, որ տեղի է ունեցել սպանություն՝ կասկածելով նաեւ նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին:Զուրաբ Ժվանիան համարվում էր Վրաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը: Նա Սահակաշվիլիի և Նինո Բուրջանաձեի հետ 2003թ. Վարդերի հեղափոխության առաջնորդներից էր: Նախկին նախագահ Շեվարդնաձեի հրաժարականից հետո ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը:
Տարիներ շարունակ նրա ընտանիքի անդամները հայտարարում են, որ չեն հավատում պաշտոնական վարկածին. վերջերս Ժվանիայի եղբայրը հայտարարեց, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին 2005թ անձամբ է ղեկավարել իր եղբոր մահվան հանգամանքների բեմականացումը:
«Ես գիտեմ, որ այս բեմականացմամբ զբաղվել է նախագահը, այն ժամանակվա ՆԳ նախարարն ու դատախազը: Նրանք են հրաման տվել, ինչպես իրերը դասավորել բնակարանում, որպեսզի ամեն ինչ ցույց տա, թե երկու մարդ, որ ուղղակի նստած նարդի էին խաղաղում, կոնյակ խմում, թունավորվել են գազի արտահոսքից»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց նախկին վարչապետի եղբայրը` Գեորգի Ժվանիան, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կոալիցիայի ցուցակով:
Վրաստանում հոկտեմբերի մեկի ընտրություններից հետո Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի կողմից ձևավորված նոր կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր մի շարք աղմկահարույց գործերի հետաքննությունները վերսկսելու մտադրության մասին, որոնց թվում է նաև նախկին վարչապետի գործը: Ժվանիայի եղբայրը նշում է, որ հետաքննության արդյունքները շուտով կտեսնենք։
Հավելեմ, որ Ժվանիայի մայրը ազգությամբ հայուհի է և ինքը բազմիցս նշել է. «մայրս հայուհի է, նրա նախնիները Ջավախքից են: Ես հպարտանում եմ դրանով, դա ինձ համար լրացուցիչ աղբյուր է»։