ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը չի զղջում Բաքու գնալու համար, իսկ Կիրո Մանոյա՞նը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ չի զղջացել Բաքու մեկնելու համար եւ եթե նորից հրավեր լինի, սիրով կգնա: Դաշնակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ` նման ոչ բոլոր միջոցառումներին է պետք մասնակցել` հաշվի առնելով, թե որքանով է նախաձեռնությունը գտնվում Բաքվի ազդեցության տակ:

Բաքվում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի գլխավոր վեհաժողովին իր մասնակցության արդյունքներն ամփոփելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե շատերը առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ, մինչ այդ իրենք լսել էին միայն կրկնվող ադրբեջանական քաղաքականության, հռետորաբանության տարափը: Ժառանգության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Հայաստանը նման միջոցառումների պետք է միշտ ներկա լինի, որպեսզի կարողանա այդ կերպ հավասարակշռել դիվանագիտական բացթողումները:

ՀՅԴ Բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, չի կիսում տեսակետը, որ նմանօրինակ բոլոր միջոցառումներին պետք է մասնակցել: Առիթն ուղղակի փաստեց կրկին, որ Բաքվում նախաձեռնվող ոչ բոլոր միջոցառումներին պետք է մասնակցել: Բացի այդ, Կիրո Մանոյանը կարծում է, որ նման դեպքերում ընդունված որոշումներին հակադարձելն էլ ճիշտ չի լինի, քանի որ դրանով, ըստ էության, կօգնենք դրանք լեգիտիմացնելու ճիգերին:
Ասուլիսում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր մտադրությունը` մասնակցության վերաբերյալ: Ասաց, թե ուրախ կլինի ընդունելու տարբեր կուսակցությունների, քաղաքական հոսանքների զորակցությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ԲՀԿ-ն կամ մյուս կուսակցությունները եթե ցանկանան շարունակել հանդիպման նախաձեռնությունները, իրենք պատրաստ են: Ժառանգության ղեկավարը, սակայն, կարծում է, որ ԲՀԿ-ն եւ մյուսները պետք է նախ որոշեն, թե ինչպես են ներկայանալու ընտրություններին՝ սեփական թեկնածուով, թե այլ թեկնածուի զորակցելով:

 

Թողնել պատասխան

Back to top button