ԿարևորՏնտեսական

Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/Hasmik-28.mp3

Երեկվանից Երևանում մեկնարկել է «Կենսաթոշակային բարեփոխումներ-2012» տարեկան երկրորդ համաժողովն ու «Միջազգային երկրորդ կենսաթոշակային բարեփոխումներ, հեռանկարներ և իրականություն» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ու Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոնը: Միջոցառմանն այսօր մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումները, նշել, որ դժվարը առաջին մի քանի տարիներն են լինելու:

Վարչապետը հիշել է պարտադիր ավտոապահովագրությանն անցնելու կառավարության որոշումն ու վստահեցրել, որ դժգոհության ալիքը էապես նվազել է այն պահից սկսած, երբ մարդիկ պատահարների ժամանակ՝ սկսել են փոխհատուցում ստանալ:  Տեղեկացնենք, իսկ տեղյակներին էլ հիշեցնենք, որ մեր երկրում  կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է կենսաթոշակային արմատական բարեփոխումներ,արդյունքում ներդրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը գործող բաշխողական բաղադրիչից բացի, ներառելու է ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային: Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են կամավորության սկզբունքով մասնակցել նաև մինչև 1974թ. ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, նոտարները, անհատ ձեռնարկատերերը և  ինքնազբաղվածները` անկախ տարիքից:

Մինչ կառավարությունը թիմ է ձևավորել ու ակտիվորեն նախապատրաստվում է կենսաթոշակային բարեփոխումներին, նույն այդ բարեփոխումների վերաբերյալ անխնա քննադատությունները շարունակվում են: Քննադատությունների, այսպես ասենք, առանցքում նաև ակտիվների կառավարիչների ընտրության հարցն է: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են կառավարելու եկամուտները և ամենակարևորը որտեղ: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն, ով այսօր մասնակցում էր Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովի աշխատանքներին, ասում է , որ դաշտը կարգավորվելու է օրենքով, ընկերությունները գրապանային չեն լինի, ուստի և անհանգստանալու կարիք չկա. «Դրանք լինելու են կառավարության ներկայացուցիչների հետ փոխկապակցված, գրպանային ընկերություններ, վստահեցնում եմ, որ դա հնարավոր չի»:

«Կենսաթոշակային բարեփոխումներ. 2012. Տարեկան երկրորդ համաժողովին ու ՄԻջազգային երկրորդ « Կենսաթոշակային բարեփոխումներ, հեռանկարներ և իրականություն» խորագրով գիտաժողովին այսօր մասնակցում էր նաև GAM GROUP հայտնի ակտիվների կառավարիչ ընկերության ներկայացուցիչը: Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ առաջիկայում գուցե այս ընկերությունը մտնի Հայաստանի շուկա.«Մոտ 90 տոկոս վստահությամբ մենք կարող ենք ասել, որ մենք GAM GROUP ընկերությանը կտեսնենք, մենք ունենք նաև մի քանի հեղինակավոր ընկերությունների հետ բավականին լավ առաընթաց: Այս մասով ես ձեռնպահ կմնամ նրանց փոխարեն որևէ հայտարարություն անել, ճիշտ կլինի ու կոռեկտ, որ նրանք այդ մասին հայտարարեն: Բայց վստահեցնում եմ, որ դրանք բավականին հեղինակավոր են: Այն ռեյտինգներն ու ակտիվները պորտֆելը, որ նրանք կառավարում են ամբողջ աշխարհում, դա միլիարդների է հասնում»:

«Ցանկացած բարեփոխում ենթադրում է քաղաքացիների վարքագծի փոփոխություն, առնչվում են հասարակության հասարակության բոլոր ինստիտուտների հետ, և դա ցավոտ գործընթաց է»,- կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ութ տարի է անցել այն օրից, երբ ՀՀ-ում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարն ինքն էլ գիտի, որ արմատական բարեփոխոխումների առաջին մի քանի տարիները դժվար են լինելու: Վարչապետը հիշեցրեց, որ պարտադիր ավտոապահովագրությանն անցնելու կառավարության որոշումից հետո էլ դժգոհողները շատ էին, դժգոհության ալիքը, սակայն, էապես նվազել է այն պահից սկսած, երբ մարդիկ պատահարների ժամանակ՝ սկսեցին փոխհատուցման գումարները ստանալ:

«Առավել կարևոր է, որ մեր թիմը համախմբված լինի այս գաղափարի շուրջ, և մենք ձեզ հետ միասին կարողանանք այս գաղափարները, այս ռեֆորմը տանել առաջ իր բոլոր խրթին հարցադրումներով»:
Հայաստանն այլընտրանք չունի, ժողովրդագրական տվյալները ցույց են տալիս, որ ամեն տարի ավելանում է աշխատող քաղաքացիների վրա ընկնող հարկային բեռը: Եթե այժմ մեկ աշխատողին, այսպես ասենք, բաժին է հասնում մեկ կենսաթոշակառու, ապա առաջիկա տարիներին այդ նույն մեկ աշխատողին բաժին է հասնելու երեք կենսաթոշակառու: Սա տնտեսության համար լուրջ բեռ է ասում է վարչապետն ու ընդգծում.«Եվ դա հանդիսանալու է լուրջ խոչընդոտ տնտեսական զարգացման համար: Այսինքն բիզնես միջավայրը նոր աշխատատեղերի ստեղծումը դառնալու է խիստ ծախսատար և բիզնես միջավայրը լինելու է ոչ բարվոք, կորցնելու է իր գրավչությունը»:

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը: 2013թ. հունվարի 1-ից այժմ գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ:  Անձի աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը և պարտադիր կուտակային վճարը հաշվարկվելու և փոխանցվելու են գործատուների կողմից: Յուրաքանչյուր մասնակցի համար մասնակիցների ռեեստրը վարողի կողմից բացվելու է անհատական կենսաթոշակային հաշիվ` կատարված խնայողությունների համար: Հանրությանը բարեփոխումների բոլոր մանրամասներին իրազեկելու նպատակով ստեղծվել է Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոնը: Ի դեպ, հաշվապահների լայնածավալ իրազեկման աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում արդեն սկսվել են:

Թողնել պատասխան

Back to top button