ԿարևորՔաղաքական

Նավթային հեշտ եկամուտներն Ադրբեջանի ղեկավարների մոտ գլխապտույտ են առաջացրել.Սերժ Սարգսյանի ելույթը՝ Լիբանանում

Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Հայկազյան համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանի չորս առաջատար՝ Հայկազյան, Բեյրութի ամերիկյան, Լիբանանի ամերիկյան և Սեն-Ժոզեֆ համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ: Նախագահը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին,-հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: Հանրապետության ղեկավարը համալսարանականների հետ հանդիպման ժամանակ նաև անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին, մերձավորարևելյան տարածաշրջանի ներկայիս բարդ իրավիճակին և դրա հանգուցալուծման` Հայաստանի մոտեցումներին: Իր ելույթում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները լիահույս են, որ շուտով արաբական աշխարհում խաղաղություն կտիրի, և մարդիկ հնարավորություն կստանան բռնել կայուն զարգացման ճանապարհը:

Նախագահի խոսքով, Հայաստանը կողմ է այդ փոփոխությունների խաղաղ իրագործմանը՝ առանց զոհերի և ահաբեկչության։ Նշելով, որ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների անվտանգությունը մեծապես շաղկապված է, Նախագահը համալսարանականներին ասել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել և մշտապես ընդվզել է Ադրբեջանին բռնակցվելու՝ խորհրդային իշխանությունների ապօրինի որոշման հետ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արցախցու ազատ ապրելու կամքը զենքի ուժով խեղդելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը համարժեք պատասխան ստացան: Արդեն գրեթե երկու տասնամյակ բանակցություններ են ընթանում, սակայն առայժմ չունենք խաղաղության համաձայնագիր միայն մեկ պատճառով. Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի փոխզիջումային լուծման, իսկ նավթային հեշտ եկամուտները այդ երկրի ղեկավարների մոտ գլխապտույտ ու սին պատրանքներ են առաջացրել խնդրի ռազմական լուծման ուղղությամբ»,-հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ հրահրում են սպառազինությունների մրցավազք, հրաժարվում վստահության միջոցառումներից, փորձում մշտական լարվածություն պահել շփման գծում, մերժում համագործակցության, երկխոսության ցանկացած առաջարկ` այս ամենի համար վատնելով միլիարդներ: «Սա իրական վտանգ է, որը թեժացնում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված մթնոլորտը` փոշիացնելով երկխոսության և խաղաղության հնարավորությունները»,-նկատել է երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորմանը, քանի որ գիտակցում է պատերազմի արհավիրքը ոչ միայն հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված ժողովուրդների, այլև ամբողջ տարածաշրջանի: Երկրի ղեկավարը խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, նշել, որ մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պետք է ստանա իր արժանի գնահատականը: Համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, դեռևս իր խոսքն ունի ասելու այս հարցում:

Թողնել պատասխան

Back to top button