Տնտեսական

Հայրենական արտադրողների միությունը արդյունաբերության զարգացման առաջարկներ է ներկայացնում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ամեն տարի շուրջ 100 մլրդ դրամով ավելացնելով բյուջեի ծախսային մասը և ակնկալելով, որ դա մեզ բարեկեցություն կբերի, ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ: Դա ելք չէ տնտեսության աճ ապահովելու համար։ Կառավարության բյուջետային քաղաքականության նկատմամբ հասարակության պահանջները ավելի մեծ են։ կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նա առավել արդյունավետ լուծում է համարում մասնավոր հատվածում ներդրումների կատարումը: Ընդ որում` այդ ներդրումներն առաջնահերթ կերպով պետք է ուղղել արդյունաբերության ոլորտին։
Վազգեն Սաֆարյանն առաջին անգամ չէ, որ խոսել է տնտեսական քաղաքականության արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա բազմիցս է ընդգծել նաեւ հանքային խտանյութի փոխարեն մետաղական պատրաստի արտադրանք արտահանելու կարեւորությունը:
Այսօր Սաֆարյանը հանդես եկավ կոնկրետ առաջարկով` Զանգեզուրում կառուցել քիմիական-մետաղագործական կոմբինատ, որը կվերամշակի պոչամբարներում կուտակված թափոնները: Նման կոմբինատի կառուցման համար կպահանջվի շուրջ 1.5 մլրդ դոլար, բայց դա կարդարացվի միայն այն դեպքում, եթե կառուցվի մոտ 2 մլրդ դոլար արժողությամբ Իրան-Հայաստան երկաթուղին:
Սեփական հաշվարկները վկայակոչելով` Հայրենական արտադրողների միության նախագահը վստահություն հայտնեց, որ 2-3 տարի անց կոմբինատը տարեկան կստանա 2 մլրդ դոլարի շահույթ: Կոմբինատի գործարկումը կարող է որոշակիորեն նպաստել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ այդ արդյունաբերական կառույցի սպասարկումն ապահովելը կպահանջի մի քանի տասնյակ փոքր ձեռնարկությունների առկայություն: Դա նաեւ թույլ կտա Հայաստանին` աստիճանաբար հումքից անցնել  պատրաստի արտադրանքի արտահանման։
Հայրենական ապրանքարտադրողների միությունը մտադիր է կառավարության դիտարկմանը ներկայացնել մի շարք առաջարկներ նաեւ քիմիական արդյունաբերության զարգացման վերաբերյալ: Դրանք առաջին հերթին վերաբերում են կաուչուկ արտադրող տարածաշրջանային հսկայի` «Նաիրիտ»-ի վերագործարկմանը: Սաֆարյանն իրենց առաջարկների ընդունման առումով բավական լուրջ հույսեր ունի։

Թողնել պատասխան

Back to top button