Քաղաքական

Մարտի 1- ի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ- ի առաջարկի եզրակացությունը կլինի երկուշաբթի

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող  ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծեու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությունը: Հանձնաժողովը մոտ երկու ժամ քննարկել է հարցը, բայց որոշում չի կայացրել:
Թե ինչ եզրակացություն կտրվի որոշման նախագծին,  պարզ կդառնա առաջիկա երկուշաբթի՝ քառօրյայից առաջ  հրավիրվելիք նիստի ժամանակ:
Մինչ այդ հանձնաժողովը կդիմի Հատուկ քննչական ծառայությանը  մի շարք հարցերի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի՝ դրանք  կօգնեն հանձնաժողովին վերջնական դիրքրոշում արտահայտելու հարցում:
ՀԱԿ խմբակցության անդամների  հեղինակած որոշման նախագծով առաջարկվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի և կգնահատի 2008 թ. մարտի 1-2-ի  իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների,  կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

«Մենք առաջարկում ենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը մարտիմեկյան դեպքերին, դրանց տրված գնահատականներին  կնայի այլ աչքերով և եզրակացություն կներկայացնի խորհրդարնին՝ արդյո՞ք իրավական  այդ գնահատականներն օրինաչափ էին ու հիմնավոր»:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի ՝ ստեղծվելիք հանձնաժողովը չի զբաղվելու նոր փաստերի հայտնաբերմամբ, այլ փորձելու է ուսումնասիրել ու գնահատել  եղածները՝ անհրաժետրության դեպքում զրուցելով  պատասխանատուների հետ: Իր հետապնդած նպատակներով այն չի կրկնելու և տարբերվելու է նախորդից:
Հիշեցնեմ, Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով 2008թ.-ին խորհրդարանում մի ժամանակվոր հանձնաժողով ստեղծվել էր: Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն ու կազմված եզրակացությունը, սակայն, ըստ ՀԱԿ-ի, չի արժանացել հանրության լայն շերտերի հավանությանը և գնահատվել է որպես դեպքերի միակողմանի մեկնաբանություն:

Որոշման նախագծով առաջարկվում է հանձնաժողովը կազմավորել ԱԺ խմբակցությունների մեկական պատգամավորներից: Նախատեսվում է, որ հաձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը ԱԺ նիստում կներկայացնի մինչև 2013թ.-ի փետրվարի 4-ը:

Հանձնաժողովների անդամները Գագիկ Ջհանգիրյանին ուղղված հարցեր ունեին թե եզրակացությունը ներկայացնելու ժամկետների, թե  կազմավորման սկզբունքի և թե հետապնդած խնդիրների վերաբերյալ: Ինչ իրավական հետևանք կարող է ունենալ հանձնաժողովի եզրակացությունը, հետաքրքում էր  ՀՅԴ-ից  Արծվիկ Մինասյանին:

«Քանի որ մենք և դուք, պր-ն Մինասյան,  ԱԺ-ում դեռ  մեծամասնություն չենք, մեր  առաջարկություններն անմիջապես կյանքի կոչել չենք կարող, բայց հույս ունեմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում  ներկայացված եզրակացությունը ԱԺ-ին կպարտադրի որոշակի քայլեր կատարել»։
Խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում դեռևս վերջնականապես ձևավորված դիրքորոշում չունի: Կան հարցեր, որոնք նախաքննական մարմնի կողմից պարզաբանվելու կարքի ունեն: Հենց այդ պատճառով էլ հանձնաժողովը հարցերով կդիմի Հատուկ քննչական ծառայությանը, կստանա պատասխաններ, դրանց հիման վրա էլ կձևավորի իր վերջնական դիրքորոշումը:

«Մենք պետք է ստանանք նաև երկրորդ կողմի տեսակետը: Մի կողմի ներկայացումը լսելուց հետո ինձ մոտ հարցեր ծագեցին, որոնք ես պատրաստվում եմ ուղղել Հատուկ քննչական ծառայություն և պատասխանից  հետո միայն վերջնական կարծիք ձևավորել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առայժմ վերապահումներ ունի՝ կապված գործիքների ու իրավասությունների այն շրջանակի հետ, որն ունի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը: Բացի այդ՝ կարծում է, որ նմանատիպ հանձնաժողովներն արդյունավետ են այն դեպքում, երբ չկա գործունեության քաղաքական բաղադրիչ:

«Իսկ թե այս հարցում որքանով է վերացած քաղաքական կոմպոնենտը, կարծում եմ, պետք է դատենք բոլորս»:

Ի դեպ՝ հանձնաժողովի այսօրվա նիստից գործուղումների պատճառով բացակայում էին անդամներից երկուսը՝ ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրանք նախապես հայտնել էին, որ կողմ են հանձնաժողովի ստեղծմանը։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ որոշումը մինչև երկուշաբթի հետաձգելը «արդարացի»  է նաև այն առումով, որ հանձնաժողովի երկու անդամները   հնարավորություն կունենան  անձամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումները:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button