Հասարակություն

Մշակվում է երիտասարդության նոր ռազմավարությունը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել երիտասարդության նոր ռազմավարության մշակմանը: Դրանում բարձրացվելու են հայ երիտասարդներին առնչվող ամենալուրջ խնդիրները: Դրանք նախ գործազրկությունն են, կրթության որակի ապահովումը: Երրորդ խնդիրն ամփոփում է երիտասարդների առնչվող բազմաթիվ սոցիալական խնդիրներ միանգամից:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով` ռազմավարությունը մշակվել է հատուկ ուսումնասիրությունների հիման վրա: Արդյո՞ք հայ երիտասարդների խնդիրներն այնքան ակնհայտ չեն, որ անհրաժեշտ էր հատուկ ուսումնասիրություններ կատարել: Այս դիտարկմանը Քարամյանը պատասխանեց, թե իրենք կենցաղային մակարդակից բարձր դիտարկումների վրա են գերադասում հիմնվել:
Ինչ վերաբերում է նախորդ` 2008-2012 թվականների երիտասարդության ռազմավարությանը, ապա դրա արդյունքները սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը գնահատում է ընդամենը բավարար:
Ինչեւէ` նոր, Քարամյանի խոսքով, մարզակենտրոն ռազմավարությունն արդեն դեկտեմբերին կներկայացվի կառավարության հավանությանը, որից հետո միայն ոլորտի պատասխանատուները կսկեն մտածել նշված խնդիրներին նոր լուծումներ փնտրելու շուրջ:
Երիտասարդներին հուզող ամենալուրջ խնդիրներից մեկն էլ բնակապահովման հարցն է: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ այս հարցերին գոնե մասամբ լուծում տալու նպատակով իրականացնում է սոցիալական բնակարանաշինական ծրագրեր:
Դրանց շրջանակներում նոր շենքեր են կառուցվում, որոնք հիփոթեքային վարկավորման շուկայականից մատչելի պայմաններով տրամադրվում են մասնագիտական տարբեր խմբերի:
Նորակառույց շենքերում արդեն հաջողությամբ բնակարաններ են ստացել շուրջ հազար երիտասարդ համալսարանականներ, գիտնականներ: Ներկայում ընթացքի մեջ է երիտասարդ լրագրողների, մանկավարժների, բժիշկների համար հինգշենքանի համալիրի կառուցումը: Դեկտեմբերի 5-ից կմեկնարկի նաեւ երիտասարդ մասնագետների համար շենքերի կառուցումը:
Բոլոր այս ծրագրերը կյանքի են կոչվում հանրապետության նախագահի հովանու ներքո: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն այս առումով մտահոգիչ որեւէ տարր անգամ չի տեսնում: Նախ` նա համոզված է, որ նախագահի փոփոխություն երկրում չի տեսնում: Երկրորդ` եթե անգամ մեկ այլ թեկնածու ընտրվի, ինչու պետք է ավելի քան 2000 շահառուների համար իրականացվող սոցիալական այս ծրագիրը կասեցվի, նկատեց Քարամյանը։
Բնակարանաշինության ծրագրի պատասխանատուներն իրենք էլ ընդգծում են` որքան էլ այն սոցիալական է, առաջարկվում են ավելի էժան վարկեր եւ ավելի երկար ժամկետեր, այդուհանդերձ, դա սոցիալապես ամենախոցելի խավերի համար չէ:
Ինչ վերաբերում է շինարարության լայնածավալ աշխատանքների որակին` տարբեր նորակառույց շենքերում ողբերգությամբ ավարտված դեպքերի համատեքստում, ապա, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի վստահեցմամբ, նոր հսկա շենքերը կառուցվում են եթե ոչ իդեալական, ապա իդեալականին շատ մոտիկ եւ շահագործման կհանձնվեն խոստացված ժամկետերում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button