Քաղաքական

Հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Մինչ հանդիպումը, նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անթիլիասում համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է կաթողիկոսության Կիլիկյան Խաչի բարձրագույն շքանշանով:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման մեծ պարգևի և պատվի արժանացնելու համար: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադառնալով «Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայաստանով» կարգախոսին՝ հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն ոչ միայն կարգախոս է, այլ՝ կենսակերպ: Այդ կարգախոսը, նախագահի խոսքով, պարտավոր ենք բոլորով միասին մեծ ջանքերով ի կատար ածել: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեր ազգային իղձերին լիբանանահայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նվիրվածությունը, որն արտահայտվում է կոնկրետ գործերով:

Հանրապետության նախագահը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վաղուց միայն հոգևոր կենտրոն չէ, այլ՝ հայապահպանության մի հզոր աղբյուր, որի կենարար ազդեցությունն իր վրա մշտապես զգում է ողջ հայ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամբողջ հոգևոր դասի գործունեությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորությամբ. «Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու ձեզ և, իհարկե, հաճույքով աշխատելու ձեր աղոթքների ներքո:

Թող Աստված պահի, պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայոց աշխարհը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր նվիրյալ գահակալով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

+++

Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:

Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:

«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, և նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:

Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:

Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաև Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը և այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգևոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ և մեր ժողովուրդների պատմությունները»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Back to top button