Գիրքը պետք է պահանջված լինի ընթերցողի կողմից. ԱՊՀ խորհրդի նիստը Երեւանում


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր մեկնարկել է պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրքերի տարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 17-րդ նիստը: Խորհդրի նիստի նախագահ է ընտրվել մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը։
Պատահական չէ, որ այս նիստն անցկացվում է Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում և գրատպության 500-ամյակի շրջանակներում: Կարևորելով նիստի անցկացումը հենց Հայաստանում` խորհրդի համանախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ գրահրատարակչության տեսակետից Հայաստանն ԱՊՀ տարածքում բավականին առաջատար դիրք է գրավում և կարող է օրինակ ծառայել բազմաթիվ այլ երկրների համար:
Բայց քանի որ գիրք հրատարակելը ինքնանպատակ գործ չէ, գրահրատարակչության խնդիրներից Միլիտոնյանն առանձնացրեց ընթերցանության խթանումը: Նա գտնում է, որ բացի որակից և առանձնահատկություններից գիրքը պետք է նախևառաջ պահանջված լինի ընթերցողի կողմից:
Նիստի երկօրյա աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների Գրատարածողների ասոցիացիայի ու Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից գրահրատարակչության խորհրդի ներկայացուցիչները: Ներկայացուցիչներ չկան միայն Տաջիկստանից և Ադրբեջանից:
Ի դեպ` խորհրդակցությունից բացի նիստի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու նաև Հայաստանին և հայկական մշակույթին: