ԿարևորՀասարակություն

Արել ենք առավելագույնը, ասում է Երեւանի գլխավոր բնապահպանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Պետք  չէ գողանալ Երևանում տնկված նոր ծառերը, դեկորատիվ ծառերի կարիք ունեցողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն ու  դրանք  անվճար ստանալ: Թե չէ  այսօր ծառ  գողանալով, դուք  գողանում եք ձեր երեխաների առողջությունը, ապագան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։
Ավետ Մարտիրոսյանը հեռու է այն մտքից, որ մայրաքաղաքում էկոլոգիական խնդիրները իսպառ վերացել են, և ինքն էլ բաց ճակատով կարող է հանդիպել լրագրողների հետ ու խոսել կատարված աշխատանքներից:
Նա սա բացատրում է  մայրաքաղաք Երևանի չոր բնակլիմայական պայմաններով: Գոգավորության ափսեի մեջ գտնվող մայրաքաղաքում այդուհադերձ պատկան մարմիններին հաջողվել է ստեղծել ծաղկաշատ Երևան:
Եթե   մեր  երկրի բնակչության մի հատվածն անհամբեր սպասում է այն օրվան, երբ հանրապետությունը կվերականգնի քիմիական  արդյունաբերության հսկայի երբեմնի համբավը, կստեղծվեն նոր աշխատատեղեր,   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության պետը փառք է տալիս Աստծուն, որ երբեմնի քիմիական հսկաները գոնե մայրաքաղաքում չեն աշխատում։

«90-ականներ թվականներից արդեն  քիմիական արդյունաբերություն չունենք։ 450 օբյեկտներ ունեինք, բայց մնացել է հինգ-վեց քիմիական ձեռնարկություն և այդ արտանետումները շատ ավելի քիչ են»,- ասաց:
Այնպես  որ, Երևանի օդը 90 տոկոսով  աղտոտում են  ավտոտրանսպորտային միջոցները: Քաղաքապետարանը ելքը գտել է  հիմնականում արագընթաց նոր ճանապարհների ու էստակադաների կառուցմամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության պետը բազմաթիվ երկրներում է  եղել, շրջել դրանց մայրաքաղաքներով ու  համոզվել՝ Երևանի ծաղկապատումը  չի զիջում եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքների  ծաղկապատումից:   Հաջողությունը քաղաքապետարանի ներկայացուցիչը հերոսություն է համարում՝ միաժամանակ նկատելով՝ ծաղկապատ Երևան ունենալը իրենց  համառ աշխատանքի արդյունքն   է: Եվ պատահական չէ, որ մայրաքաղաքը  2012թ ճանաչվել է հանրապետության լավագույն կանաչապատ տարածք

«Չեմ չափազանցնում, որ մեր կանաչապատման ձեռնարկություններն աշխատում են անմնացորդ: Ես մի քանի անգամ ասել եմ՝ մեր աշխատանքը սկսվել է մեկ անգամ՝  առավոտյան ժամը իննին, և այլևս չի ավարտում: Մեր ֆիանսնական հնարավորությունների սահմաններում արել ենք առավելագույնը»։

Թողնել պատասխան

Back to top button