ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով

Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այսօր մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին երկու երկրների միջեւ ստորագրվել «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի և Լիբանանի բարեկամության:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։

 

Սիրիական խնդրի մասին

 Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը:

Հայաստանն իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով և այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, և Սիրիայի ցավը` մեր ցավն է:

Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը՝ և ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը»:

 

Ղարաբաղյան հակամարտության մասին

Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության և ռասիզմի ցցուն օրինակ:

«Անդրադարձանք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Վերահաստատեցի, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է վարել խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված քաղաքականություն: Մենք բացառում ենք խնդրի լուծման ուժային տարբերակը և հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ հարցը բանակցային ճանապարհով լուծելու մեր հանձնառությանը: Ցավոք, հարևան Ադրբեջանն անտեսում է ՄԽ վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը և իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության և ռասիզմի ցցուն օրինակ:

 

Մերձավոր Արեւելքի իրադրության մասին

Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ:

«Հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: Այսօր էլ պարոն Սուլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը և շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը: Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ և պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button