Քաղաքական

Քաղաքացիական հասարակությունը ընտրական օրենսգրքի փոփոխություններ է առաջարկում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»
 http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/261112elections.mp3

Հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են գալիս Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  առաջարկով: Նրանք առաջարկությունների փաթեթ են մշակել, որն այսօր ներկայացվել է հանրային   քննարկման:  Օրենսգրքի մի քանի տասնյակ  հոդվածներում առաջարկվող փոփոխությունները, ըստ հեղինակների,  նպատակ ունեն օրենսդրորեն նվազեցնել  հնարավոր խախտումների ու ընտրակեղծիքների հնարավարությունները:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ առաջարկները մշակվել են վերջին խորհրդարանական ընտրությունների դիտարկամն ու, այսպես ասենք, դրանց դասերը հաշվի առնելով:

«Համատեղելով  մեր ջանքերը՝ իրականացրեցինք ուսումնասիրություն և փորձեցինք վեր հանել այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս, չեն ապահովում   ազատ և արդար ընտրուրթյհունների անցկացումը  կամ կասկածի տակ են դնում դրանց լեգիտիմությունը: Մենք խիստ կարևորում ենք այն հանգամանքը, որ Ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարվեն մինչև նախագահական ընտրությունները»:

Փոփոխությունները վերաբերում են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրական ցուցակների ուռճացված լինելու մտավախություններին, բողոքարկման  մեխանիզմներին ու ժամկետներին, թեկնածուների և կուսակացությունների նախընտրական հիմնադրամներին:

Հասարակական կազմակերպությունները, մասնավորապես, առաջարկում են նախընտրական  քարոզչության  ժամանակ եւ դրա մեկնարկից 3 ամիս առաջ օրենսդրորեն արգելել  թեկնածուների  մասնակցությամբ կամ նրանց անունից կազմակերպվող տարաբնույթ բարեգործական միջոցառումները:
Կետերից մյուսով առաջարկում են ընտրակաշառք  ստանալուց  հետո  երեք օրվա  ընթացքում  հաղորդում ներկայացողին ազատել քրեական պատասխանատվությունից: Քաղաքացիական հասրակության ներկայացուիչները առաջարկում են նաև վերանայել ընտրական գրավի չափը: Ըստ նրանց՝ սահմանված չափերը մատչելի չէ ընդդիմադիր կամ նոր ձևավորված ուժերի համար, ուստի նպատակահարմար են համարում ընտրակգրավը կիսով չափ նվազեցնելը:

«Միգուցե մեր ոչ բոլոր առաջարկությունները կարող են հաշվի առնվել՝ տեխնիկական նկատառումներից ելնելով, բայց որոշ փոփոխություններ պարզապես անհրաժեշտ է կատարել Ընտրական օրենսգրքում, որպեսզի հարցականի տակ չդրվեն ընտրությունների արդյունքներն ընդհանրապես»:

Նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցությունը արտահերթ նիստ էր նախաձեռնել ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով: Նիստը չկայացավ, խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց այն՝ մեկ հիմնական հակափաստարկով. Ընտրություններին քիչ ժամանակ է մնասցել ու փոփոխությունների նախաձեռնությունը ժամանակվրեպ է: Ի՞նչ է այդ դեպքում ակնկալում քաղաքացիական հասարակությունը:

«Մենք հասկանում ենք, որ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, բայց նաև կարծում ենք, որ  առաջին հերթին իշխանությունները պետք է շահագրգիռ լինեն լեգիտիմ ընտրություններ անցկացնելու հարցում»:

Իշխանությունները շահագրգիռ են, բայց ընտրություններից մի քանի ամսի առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել չեն պատրաստվում,  ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Ընդհանրապես Ընտրական օրենսգիրքը չպետք է փոխվի ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում: Սա ոչ թե ուղղակիորեն գրված կանոն է, այլ՝ փորձից ծնված մոտեցում: Այս տեսանկյունից հազիվ թե կատարենք որևէ փոփոխություն ընտրական օրենսգրքում»:

Առաջարկությունների մի  մասը, ըստ Հարությունյանի, արժանի է դիտարկման, մի մասն ի սկզբանե մերժելի է, կան նաև այնպիսինները, որոնք ընդունման դեպքում որոշ խնդիրներ լուծելու են,  բայց նաև  նոր խնդիրներ են ստեղծելու: Հանրապետական գործչի  ամփոփմամբ ՝ ընտրությունների նկատմամբ վստահության խնդիրը  ոչ այնքան բովանդակային հարցերի, որքան քաղաքական գործընթացների տիրույթում է:

Թողնել պատասխան

Back to top button