Հասարակություն

«Ո՞վ կգոյատևի Սևանում». բնապահպաններն ահազանգում են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Ո՞վ կգոյատևի Սևանում». բնապահպաններն իրենց մտահոգող այս հարցն են բարձրացրել նույնանուն ֆիլմում, որի պատասխանը, սակայն, դեռ շարունակում են փնտրել: Ընդ որում` մտահոգիչ խնդիրներին լուծում փնտրող բնապահպաններին միացել են նաեւ Սեւանա լճի հարակից բնակավայրերի բնակիչները:
Բնապահպանության նախարարի վերջին հրամանով սահմանվել են ժամկետեր, որոնց շրջանակներում լճում արգելվում է ոչ միայն ձկնորսությունը, այլեւ խեցգետնի որսը: Պատժելի է անգամ լիճ մուտքը:
ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բաղդուղ Գաբրիելյանի պնդմամբ՝ արհեստական ձկներ աճեցնելը, սակայն, սպասված արդյունքը չի տա: Պետք է լինի բնական ձվադրում, այլապես ամեն տարի անիմաստ գումար է ծախսվում: Սեւանի ավազանը հատուկ գոտի է, եւ հատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի: Պետք է բարելավվի Սեւան թափվող գետերի վիճակը, որը ոչ թե բարելավվում, այլ օր օրի վատանում է:
«Այս տարվա ընթացքում այցելել ենք 40 համայնք, անդրադարձել բնակիչների խնդիրներին եւ թե ինչ խնդիրներ կան Սեւանում ընդհանրապես: Սեւանի մակարդակը օր օրի բարձրանում է, իսկ ափամերձ տարածքներն աղտոտվում են: Այնինչ պետական պատասխանատուները Գեղարքունիքի համայնքներում գյուղատնտեսության վիճակը պայծառ գույներով են պատկերում»- իր հերթին ընդգծեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը։
Ամեն տարի Սեւանի ափամերձ տարածքների մաքրման համար հատկացվում է շուրջ 125 միլիոն դրամ, սակայն դա որեւէ դրական ազդեցություն չի ունենում հարակից բնակավայրերի բնակիչների վրա: Տարածքային հետազոտությունների զարգացման կենտրոնի նախագահ Սաթենիկ Բադեյանը համոզված է` Գեղարքունիքի մարզն ամենաաղքատ մարզերից է, այս տարածքում գյուղատնտեսությունը միշտ բնութագրվում է վնասով, «լճում ձկնային պաշար չկա, մարդիկ զրկվել են եկամտի աղբյուրից եւ լքում են իրենց գյուղերը»:
Բնապահպաններին վրդովվելու առիթ է տալիս պետական համապատասխան կառույցների անտարբերությունը ոչ միայն իրենց, այլեւ Սեւանա լճի հարակից բնակավայրերի բնակիչների բարձրացրած շատ հարցերի նկատմամբ: Սեւանի էկոլոգիական վիճակի մասին որքան շատ են խոսում, այնքան մեծանում է դրա ճահճանալու ռիսկը: Իսկ այդ ժամանակ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի քաղցրահամ ջուրը ոռոգման համար էլ պիտանի չի լինի:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button