Նոյեմբերի 25-ը` որպես «Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր»


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի 25-ը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է որպես «Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր»: «Ընտանեկան բռնությունը Հայաստանում» թեմայով քննարկում է այսօր անցկացվել «Ելակետ» մամուլի ակումբում: «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին են այսօր խոսել կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը, իրավաբան Աստղիկ Կարապետյանը: Առաջարկվող օրենքի նախագիծն արդեն անցել է հասարակական մեկ քննարկում եւ շուտով կներկայացվի կառավարությանը: Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ այն հավանության կարժանանա եւ շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում:
Իրավաբան Աստղիկ Կարապետյանի փոխանցմամբ` ՄԱկ-ի կողմից ընդունված օրվա կապակցությամբ նաեւ 16-օրյակ է անցկացվելու: Տեղի կունենան տարբեր միջոցառումներ: Աշխարհում ընդունված է, որ կանայք են այդ օրը պայքարում կանանց համար, բայց տվյալ օրը տղամարդիկ իրենց ձեռքն են մեկնում այդ գործին` ասաց բանախոսը: Նրա փոխանցմամբ` միջազգային տասնվեցօրյա քարոզարշավը կսահմանափակվի դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների միջազգային օրով: