Հասարակություն

«Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Լուիզ Սիմոն Մանուկյանին

ԱՄՆ Արեւելյան հայոց թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում, նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին `\հանձնեց  2011թ. փետրվարին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Ամենայն Հայոց Հայրապետը բարձր է գնահատել տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ավանդը ազգային եւ եկեղեցական կյանքում: Մեծազնիվ բարերարը դուստրն է ազգանվեր ու եկեղեցասեր ծնողների` ՀՀ ազգային հերոս եւ ՀԲԸՄ ցմահ նախագահ հոգելույս տիար Ալեք Մանուկյանի եւ տիկին Մարի Մանուկյանի: Տիկին Լ. Մանուկյան Սիմոնը, իբրեւ ՀԲԸՄ նախագահ, սատար է կանգնել Հայրենիքին ինչպես խորհրդային, այնպես եւ ՀՀ անկախության տարիներին: Հատկապես մեծ է նրա ցուցաբերած զորակցությունը նորանկախ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Նրա ակնառու նախաձեռնությունների շարքին է պատկանում Ամերիկյան համալսարանի ստեղծումը Հայաստանում:

Բազմամյա իր ծառայության ընթացքում ՀԲԸՄ նախագահը  մշտապես զորավիգ է եղել նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Հայոց Եկեղեցուն: Նրա պաշտոնավարման ընթացքում սկիզբ առան եւ հաջող շարունակում են իրենց գործունեությունը Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ համատեղ կրթական եւ սոցիալական ձեռնարկները Հայաստանում` Հայորդյաց տների եւ բարեգործական ճաշարանների ծրագրերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնին փոխանցվեց «Ս. Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը: Մեծազնիվ բարերարի ջանքերով Մանուկյան ընտանիքի կողմից հաստատվեց Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարի պահպանության հիմնադրամ, նաեւ նորոգվեց Մայր Տաճարը, բարեզարդվեց Մայր Աթոռի տարածքը, կառուցվեցին միաբանական եւ վարչա-տնտեսական շենքերը: Նրա իշխանավայել ընծաբերումներով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում վեր խոյացավ Ս. Երրորդություն հոյակերտ եկեղեցին, ավարտին է մոտենում Արաբկիրի վարչական շրջանի եկեղեցու շինարարությունը: Տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնն այսօր էլ սրտաբուխ առատաձեռն նվիրատվություններով շարունակում է զորավիգ լինել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը եւ Ամենայն Հայոց Հայրապետին` վկայելով իր հավատը, սերն ու հավատարմությունը ազգի, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ:

Թողնել պատասխան

Back to top button