ԿարևորՔաղաքական

ԼՂՀ պատվիրակությանը հանձնվեց Լոս Անջելեսի եւ Շուշիի բարեկամության վկայագիրը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/241112los.mp3
Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ եւ մասնակցել խորհրդի նիստին։
Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, ներկայացնելով բարձրաստիճան հյուրին, խոսեց Արցախի անցած ճանապարհի մասին` Ադրբեջանին բռնակցվելուց մինչև ազատամարտի հաղթանակն ու անկախության հռչակումը:

Լոս Անջելեսի ղեկվար մարմնում սա երկրորդ պաշտոնական ընդունելությունն էր` ի պատիվ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության: Առաջինը տեղի էր ուեցել երկու տարի առաջ, երբ քաղաքային խորհուրդը հյուրընկալեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին և հանձնեց խորհրդի բոլոր անդամների ստորագրությունը կրող հռչակագիր. դրանում ամրագրված էր ժողովրդավարության ճանապարհով կայուն զարգացող երիտասարդ պետությանն ու նրա ժողովրդին սատարելու` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատրաստակամությունը:
Խոսելով այդ հանդիպման մասին` Փոլ Կրեկորյանը շեշտեց, որ Արցախն այսօր իրապես ժողովրդավարական, ինքնիշխան ու անկախ պետություն է:
ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար: Նրա խոսքով՝ սա արդեն երկրորդ քայլն է Լոս Անջելեսի և Արցախի հնագույն քաղաքաներից մեկի` Շուշիի միջև սերտ գործակցության հիմքեր դնելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը ողջունեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին: Նա շեշտեց, որ Լոս Անջելեսի ղեկավար մարմինը պատահական չէ հռչակագրով ճանաչել ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի հանրապետության գոյությունը և Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։
«Թեև ԱՄՆ դաշնային իշխանությունները դեռևս չեն ճանաչել ԼՂ Հանրապետությունը, բայց մենք ենք այս երկրի ժողովուրդը, և մեր որոշումն անսասան է: Մենք հպարտ ենք, որ Լոս Անջելեսն առաջիններից էր, որ կատարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու քայլը»,- ասաց Էրիկ Գարսեթին:

Հանդիպման ավարտին, Փոլ Կրեկորյանը Աշոտ Ղուլյանին հանձնեց Լոս Անջելեսի և Շուշիի միջև բարեկամական կապը հաստատող վկայագիր:

Թողնել պատասխան

Back to top button