Քաղաքական

Օդանավակայանի գործարկումը կմոտեցնի հակամարտության լուծումը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ստեփանակերտի օդանավակայանի գործակումը կմոտեցնի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը, համոզված է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա ամենևին համամիտ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի Ստեփանակերտում արված այն հայտարարության հետ, թե իբր գործարկումը կարող է լարվածություն ստեղծել կողմերի հարբերություններում:
Հանրապետական պատգամավորի կարծիքով՝ ռուս միջնորդի հայտարարությունը հավասարակշռություն պահպանելու նշան է։ Նրա կարծիքով՝ գործընթացը փակուղի չմտցնելու նպատակով են միջնորդները նման հայտարարություն արել։
Ադրբեջանական կողմի զգուշացումները, թե Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում հարվածներ կհասցնեն քաղաքացիական ինքնաթիռների ուղղությամբ, չեն իրականանա, ասում է Արտակ Զաքարյանը։
Իհարկե՝ Ադրբեջանը փորձում է ձախողել բանակցությունները, որպեսի հարցն այլ ատյան տեղափոխի, սակայն պատգամավորի համոզմամբ մեր արևելյան հարևանի երազանքն իրատեսական չէ, Ադրբեջանի քաղաքականությունը զրոյական արդյունք է տալիս:

Հանրապետական պատգամավորը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհանիսյանի Բաքվում արված հայտարարություններին հարգանքով է վերաբերվում, հատկապես Արցախի ինքնորոշումը իրավունքի ճանաչման մասին արված ձևակերպումը:

Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ընթացքում չշրջանցվեցին նաև ներքաղաքական հարցեր: Մասնավորապես՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ինքն արդեն որոշում կայացրել է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ:

«Կարծում եմ՝ ԲՀԿ- ն իր հետագա տարիների անելիքի խնդիրը լուծելու փաստի առաջ է կանգնած և այնտեղ լրջորեն չեն մտածում հաջորդ նախագահն ունենալու մասին»,- ասաց։

Հանրապետական պատգամավորը նորմալ է վերաբերվում, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով ներկայանա առաջիկա նախագահական ընտրություններին, սակայն յուրաչանչյուր թեկնածու լինելու է մյուսներին հավասար շարքում, իսկ հաղթելու է գործող նախագահը, համոզված է հանրապետական պատգամավորը:

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ընդդիմության միասնական թեկնածու չի լինելու, քանի որ կուսակցությունները տարբեր շահեր և մոտեցումներ ունեն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button