Միջազգային

Վարդերի հեղափոխության 9- րդ ամյակը Վրաստանում. այն անգամ առանց պաշտոնականի

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Այսօր լրանում է Վարդերի հեղափոխության 9-րդ տարին, սակայն, 2003 -ից ի վեր առաջին անգամ պաշտոնապես այն չի նշվում։ Հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը, չի նախատեսում նշել այդ իրադարձությունը: Նոյեմբերի 23-ին նշվում է Սուրբ Գեորգիի տոնը, որը Վրաստանում ամենասիրված կրոնական տոներից է:

2003 թվականի այս օրը մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերն ավարտվեցին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականով:
Ավելի ուշ Շեւարդնաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում իր կյանքի ամենադժվար որոշումը համարելով հրաժարականն ասել էր. «կամ ես պետք է արյուն թափեի, ինչը համարում եմ անթույլատրելի…Երբ երիտասարդ մարդիկ ներխուժեցին խորհրդարան, ինձ թինկապահներս ուղեկցեցին բակ: Այնտեղ հավաքված իմ կողմնակիցները ասացին, որ դուք պետք է դիմանաք, վաղը այստեղ կլինի հարյուր հազար մարդ, բայց ես հրաժարական տվեցի։ Մինչ այսօր ես դա համարում եմ իմ կյանքի ամենադժվար , բայց և ամենաճիշտ որոշումը։ Ես չգնացի արյունահեղության»:
Իր պաշտոնաթողությունից արդեն 9 տարի է անցել, սակայն, ըստ նախկին նախագահի, Վրաստանում շատ բան չի փոխվել. «ժողովուրդը քաղցած է, գործազուրկ, թոշակները ցածր են…»։
«Վարդերի հեղափոխությունը մարդկանց խոստացավ կառուցել ժողովրդավարական ու եվրոպական երկիր և ոչ թե բոլշևիկյան պետություն»,-այսօր արդեն ասում է վարդերի հեղափոխության լիդերներից Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Թբիլիսիի փողոցներում այսօր ավելի շատ կարելի է մարդկանց հանդիպել, ովքեր եկեղեցի են այցելում, կամ այնտեղից են վերադառնում։
«Ի՞նչ Վարդերի հեղափոխություն, այսօր սուրբ Գերոգիի տոնն ենք նշում…»,- ասում է մայրաքաղաքի բնակիչներից մեկը:
Սակայն նախագահի կողմնակիցները համաձայն չեն այս գնահատականների հետ։ Նրանք վստահ են՝ Վարդերի հեղափոխությունը բեկում մտցրեց երկրի զարգացման գործում:
Նշեմ, որ 2011 թվականին Վարդերի հեղափոխության ութերորդ տարելիցը երկրում պաշտոնապես մի քանի օր նշվեց տարբեր միջոցառումներով: Այն այսօր թեև պաշտոնապես չի նշվում, սակայն մարդիկ, ովքեր կարծում են, որ հեղափոխությունը շատ բան է փոխել իրենց կյանքում ու երկրում, նշում են տարբեր միջոցառումներ, անցկացնում ակցիաներ ներկայիս իշխանությունների դեմ:

Թողնել պատասխան

Back to top button