Հասարակություն

Նախագահի պաշտպանության մեքենայի վրա կրակոցի մանրամասները՝ ըստ ոստիկանության

Հանրապետության նախագահի թիկնազորի ավտոմեքենային վրա չորեքշաբթի գիշերը կրակոցի մասին այսօր մանրամասներ է ներկայացրել ոստիկանությունը։

«Նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում,  անհայտ անձը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ  80 դպրոցին հարող հատվածում,  «Օպել  Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից  կրակոց է արձակել  իր  երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝  անդրադարձ է կատարել:

«Օպել Վեկտրա»-ն հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝  Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի  պողոտայի 2 հասցեին հարող տարածքում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:

Փաստի առթիվ  նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի  1-ին մասով եւ 235 հոդվածի  1-ին մասով:

Նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում  հայտնաբերվել է հրազենային վնասվածք,  եւ բժշկական օգնություն ստանալու  նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝  ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը  նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել:

Նոյեմբերի 22-ին  Աշոտ Կ.-ի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել  «Մակարով»  ատրճանակ՝  հայտարարելով, որ հայտնաբերել է  իրենց տան մոտ, փողոցում դրված աղբամանի մեջ:

Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ  նոյեմբերի 20-ին ինքը  օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երեւան: Ճանապարհին  իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի: Հասնելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով՝ նստելատեղի կողային հատվածից  վերցրել է  ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակը եւ մեկ անգամ օդ կրակել: Հետո փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահամամբ  կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո եւս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական  եւ դատաքիմիական  համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը  շարունակվում է:»,- հայտնել է ոստիկանությունը։

Թողնել պատասխան

Back to top button