ԿարևորՔաղաքական

Ամեն ինչ կարելի էր սպասել, բայց ոչ Սահմանադրության նորմերի խախտում. Լյովա Խաչատրյանի գնահատականը՝ ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու քայլին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ներքաղաքական զարգացումների եւ սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտարկումներով են այսօր մամուլի տարբեր ակումբներում հանդես եկել ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ու Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ամեն ինչ կարելի էր սպասել, բայց ոչ Սահմանադրության նորմերի խախտում` այսպես է այսօր գնահատել ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը Հանրապետականի եւ ՕԵԿ-ի կողմից բոյկոտելու քայլը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Խաչատրյանը հավելեց, թե նիստը վարեց չգրանցված պատգամավորը, ինչը իրավաբանորեն քննարկելու տեղիք է տալիս: Այնուամենայնիվ, Լյովա Խաչատրյանը համոզված է, որ ընդդիմության առաջարկած օրակարգի շուրջ խորհրդարանի նիստ կայանալու է` կյանքն առաջ է գնում: Լյովա Խաչատրյանը շեշտեց, որ ինքը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից է: Թեւեւ արդեն 3 անգամ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե մեծամասնական ընտրակարգով ընտրություններում գաղափարական պայքար չկա:

Ժառանգություն կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կառավարման ձեւը նշանակություն ունի, քանի որ վարչապետի համար իր թիմակիցները կարող են լինել հակակշիռ: Արմեն Մարտիրոսյանը համակարծիք էր առաջիկա ընտրությունների կանխորոշվածության առնչությամբ դիտարկման եւ այն գնահատականի հետ, համաձայն որի` համակարգ հնարավոր կլինի փոխել այն ժամանակ, երբ ընտրությունները, այսպես ասած, դուրս լինեն երեք նախագահների եռանկյունուց:
Ժառանգությունը հենց այդ բանաձեւով էլ առաջնորդվում է` հավելեց Արմեն Մարտիրոսյանը: Հարցին, թե ինչու է հենց հիմա ընդդիմությունը փորձում առաջ տանել մի օրակարգ, որը վերաբերում է խորհրդարանին` ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը հակադարձեց, թե մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերը բացեր են տեսել, որոնք էլ շտկելու անհրաժեշտություն կա: Դեմոկրատական կուսակցության ղեկավարի համոզմամբ` այս պահին նման փոփոխությունների հնարավորություն համակարգը թույլ չի տալիս եւ այսօր ընդդիմությունը քննարկում է այն, ինչն այս պահին անիմաստ է քննարկելը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի դիրքորոշումն արտահայտելու խնդրին` Լյովա Խաչատրյանն ասաց, թե ինքը չի լսել, որ ԲՀԿ-ի դիրքորոշում արդեն կա, սակայն հրապարակային չի արտահայտվում: Նրա փոխանցմամբ` հիմա աշխատանքներ են ուղղակի տարվում` կառույցների մոտեցումները ճշտելու համար: ԲՀԿ-ն դեռ որոշում չունի` վստահեցրեց պատգամավորը: Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Ժառանգությունում խնդիրներ չկան, կա բազմակարծություն: Նա հավելեց նաեւ, որ ԲՀԿ-ին հավատալու-չհավատալու խնդիր էլ չկա` տեսել ենք, որ եղել են ստորագրություններ, որոնք չեն հարգվել` շեշտեց նա: Ասաց, որ եղել են ընդամենը կոնսուլտացիաներ, իսկ Ժառանգությունը հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ այն օրակարգին, որ իրենց կուսակցությունն անցած տարիների ընթացքում առաջ է քաշել:

Թողնել պատասխան

Back to top button