Հերթական «ԱրմԹեքը» Սթենֆորդում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ը ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում, Սթենֆորդի համալսարանում, կմասնակցի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի «ԱրմԹեք» հինգերորդ համաժողովին:
Կառավարության ղեկավարի բարձր հովանու ներքո անցկացվող “ԱրմԹեք Կոնգրես 2012” Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 5-րդ գլոբալ համաժողովը բավականին խոստումնալից արդյունքներ կարող է արձանագրել, համոզված է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարը հայտնեց, որ համաժողովի արդյունքներով սպասվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում անդրազգային խոշորագույն և օտարերկրյա հեղինակային ընկերությունների հետ, ինչը թույլ կտա Հայաստանում բացել նոր աշխատատեղեր որակյալ մասնագետների համար` բարձր վարձատրությամբ:
Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ իրականում համաժողովի մասնակնելու ցանկացողների թիվը ավելի շատ է եղել, սակայն հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի հնարավորությունները ստիպել են սահմանափակել մասնակիցների թիվը: Տիգրան Դավթյանը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի ԱՄՆ։
Ըստ նրա՝ շուտով մեր երկիրը կունենա իր ներկայուցիչությունը բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի ճանաչում ստացած Սիլիկոնային հովտում։
Բացի պաշտոնական պատվիրակությունից Հայաստանից հավաքին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ մասնավոր ընկերություններ:
«ԱրմԹեք Կոնգրես 2012» համաժողովին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կորպորացիաների ներկայացուցիչներ: