ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները՝ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող  հարցեր:
Հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը Բակո Սահակյանը որակել է անթույլատրելի` հավելելով, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է: Այս համատեքստում երկրի ղեկավարը կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ:
Նախագահ Սահակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը:

Բակո Սահակյանը հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետեւանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Թողնել պատասխան

Back to top button