Կարևոր

Կալիֆորնիան կճանաչի ԼՂՀ անկախությունը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Սակրամենտո

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանն առաջին անգամ պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել Արցախից ժամանած պատվիրակության պատվին, որը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Կալիֆորնիայի Սենատի անդամ Քեվին դե Լիոնի և հայազգի կոնգրեսական Խաչո Աչաջյանի նախաձեռնությամբ: Ընդունելությունն աչքի ընկավ ներկայացուցչական կազմով. մասնակցեցին Կալիֆորնիայի խոշոր գիտական կենտրոնների` Բրքլիի, Սան Ֆրանցիսկոյի, Դեյվիսի և Կալիֆորնիայի համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային առևտրի գործակալությունների ղեկավարներ, հայ համայնքի անդամներ:
Արցախի խորհրդարանի նախագահը նրանց ներկայացրեց երկրի տնտեսական վիճակը, արտաքին քաղաքական օրակարգն ու խնդիրները: Աշոտ Ղուլյանը խոսեց ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի մասին, որը տեղաշարժ չի արձանագրում ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով:
Նա հորդորեց մարդու իրավունքներ և ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի պաշտոնյաներին նեցուկ լինել Հարավային Կովկասում նույն այդ արժեքներով ապրող երկրին: Կալիֆորնիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ողջունեցին Արցախի պատվիրակությանը:
Սենատոր Քեվին դե Լիոնը հույս հայտնեց, որ ակտիվ գործակցությամբ հնարավոր կլինի հասնել ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

«Կա մեծ հավանականություն, որ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանն առաջիկայում կճանաչի ԼՂՀ-ը, գուցե այցելենք նաև Արցախի ժողովրդին, ինքներս տեսնենք ու ճանաչենք երկիրը: Հավանաբար դա տեղի կունենա առաջիկա մեկ տարվա ընթացքում, Հայաստան կատարելիք այցի ընթացքում»,- ասաց սենատորը:
ԼՂՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման էին եկել նաև Արցախի նախագահի ընտրությանն իբրև դիտորդ մասնակցած գործիչներ` դեռևս թարմ տպավորություններով։

«Արցախում ընտրական գործընթացը կազմակերպված էր միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես տպավորված էի գործընթացի թափանցիկությամբ, պաշտոնյաների հասանելիությամբ: Միջազգային շատ դիտորդներ և լրագրողներ էին ազատ հետևում ընտրություններին: Դա ևս տպավորիչ էր, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատող քաղծառայողների նոր սերունդը: Ուրախ եմ, որ կարողացա գործնականում տեսնել այդ երկրի ընտրած ժողովրդավարության ուղին»,- ասաց Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Քալլահանը:
Արցախի պատվիրակությանը հյուրընկալեցին նաև Բրքլիի համալսարանում: Այստեղ կայացավ «Ընտրությունները, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը հակամարտության գոտում. 2012 թ. նախագահական ընտրությունը ԼՂՀ-ում» խորագրով կլոր սեղան, որի գլխավոր բանախոսը Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն էր:
Քննարկմանը մասնակցում էր Արցախի նախագահի ընտրությանը մասնակցած Բրքլիի դիտորդների խումբը: Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն Արցախի ընտրական գործընթացի վերաբերյալ՝ նշելով միայն հատուկենտ տեղամասերում հանդիպած ոչ մեծ թերությունների մասին։

«Մենք  միջազգային չափանիշներն համապատասխան գործընթացի ականատեսը եղանք: Արցախի ժողովուրդը մեծ գործ է արել, ինձ հուզեց նրանց հայրենասիրությունը: Բոլորը քվեարկում էին երկրի ապագայի նկատմամբ հավատով: Արցախն այսօր ներկայանում է իբրև մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների երկիր, և միջազգային հանրությունը թիկունք կկանգնի դրան, իսկ դա կհանգեցնի միջազգային ճանաչման», -ասաց Կալիֆորնիայի և Դեյվիսի համալսարանների պրոֆեսոր Քեյթ Դեյվիդ Ուոթերփոն:
Բրքլիի Ընտրությունների ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետները ցանկություն հայտնեցին շարունակել գործակցությունը ԼՂՀ հետ ընտրական և այլ ոլորտներում` ակտիվ փոխայցերի միջոցով:

Թողնել պատասխան

Back to top button