Վերլուծական

Թուրքիան փորձում է համագործակցել Սփյուռքի կառույցների հետ, զգուշացնում է թուրքագետը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայ-թուրքական հարաբերություններն այսօր ավելի վատ են, քան մինչ արձանագրությունները, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Եթե մինչ արձանագրությունները գոնե դիվանագետները որոշակի շփումներ ունենում էին, ապա այժմ խուսափում են անգամ իրար կողք կանգնել:

Հայաստանում պարզել են, որ Թուրքիան փորձում է Սփյուռքի հայկական կառույցների հետ համագործակցել ցեղասպանության 100- րդ տարելիցին ի ցույց աշխարհին ներկայացնելու, որ հայ-թուրքական երկխոսություն գոյություն ունի կազմակերպությունների հետ:
Ընդ որում՝ էական չէ, թե ինչ կազմակերպության հետ համաձայնության կգա Թուրքիան։ Դա կարող է լինել լուսանցքում գտնվող մի որևէ  կազմակերպություն: Պետք է կանխել թուրքական կանխամտածված քայլերը, պետք է զգոն լինել ու աշխատանք տանել Սփյուռքի հետ, կարծում է Արտակ Շաքարյանը։
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված պետական հանձնաժողովը քայլեր նախատեսում է, սակայն դրանք գուցե պետք է չհրապարակել, որպեսզի անակնկալ լինի Անկարայի համար, կարծում է թուրքագետը։
Արտակ Շաքարյանը նաև մտավախություն ունի, թե չլինի այնպես, որ ստիպեն պաշտոնական Երևանին 2015 թվականի ապրիլի 24-ից առաջ հանդես գալ մի այնպիսի հայտարարությամբ, որը կխոչընդոտի ցեղասպանության ճանաչմանը, ինչպես դա արվեց օրինակ 2009 թվականին, երբ  ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  «ճանապարհային քարտեզը»։

 

Թողնել պատասխան

Back to top button