Քաղաքական

Կուսակցական քաո՞ս, թե՞ ողջունելի խորհրդակցություններ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ներքաղաքական դաշտի ճահճին ներկայումս ավելացել է կուսակցությունների քաոսը. «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի գնահատականն է: Նրա ձեւակերպմամբ` բոլորը բոլորի հետ բանակցում են, սակայն որեւէ մեկը Հայաստանի համար հստակ ու անհրաժեշտ օրակարգ այդպես էլ մինչեւ վերջ ձեւավորել չի կարողանում:
Նա նկատում է, որ սովորաբար իշխանությունները հարցերը լուծում են միայնակ, իսկ ընտրությունները լինում են անմրցունակ: Արեւմուտքն էլ պահանջում է մրցունակ ընտրություն։
Հիմա, ըստ Արամ Կարապետյանի, իշխանությունը մարդ է փնտրում, որ ուժեղ լինի և կարողանա շատ ձայներ հավաքել, որպեսզի ասեն՝ մրցակցություն կար։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, սակայն, ներքաղաքական դաշտում ընթացող խորհրդակցությունները ողջունում է։
ԱԻՄ-ը ընդունում է բաց հրավերը եւ նույն կերպ մասնակցում այդ խորհրդակցություններին` կապված խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ: Հայրիկյանի խոսքով` խորհրդարանական կառավարման համակարգը մենք տեսել ենք եւ այն ժողովրդավարական չէ։
Եթե այսօր ժողովուրդը երկու անգամ մասնակցում է քաղաքական կյանքին, իշխանության ձեւավորմանը, ապա` խորհրդարանական կառավարման դեպքում ժողովրդի մասնակցությունը կնվազի։
Հայրիկյանի դիտարկմամբ` եթե այսօր խոսվում է այդ մասին, խոսքը վերաբերում է նրան, թե վարչապետին ով պետք է նշանակի։ Մեր Սահմանադրության մեջ ասվում է, որ ՀՀ նախագահն ԱԺ-ում պատգամավորների տեղերի բաշխման հիման վրա վարչապետ է նշանակում։ Ըստ էության այսօր պայքար է տարվում մի բանի համար, որն արդեն կա, նկատեց Հայրիկյանը։
Նրա խոսքով` այսօր չի զգացվում, որ կիսանախագահական համակարգի ճգնաժամ կա, որովհետև վարչապետն ու նախագահը մի թիմից են։
Ընդդիմադիր դաշտում, ըստ ԱԻՄ նախագահի, առաջ քաշված հարցերը կարող են որոշակիորեն սոսնձի դեր կատարել, բայց եթե իսկապես դա է նպատակը, ապա պետք է գնալ մինչեւ վերջ եւ խոսել գոնե միայն համամասնական ընտրակարգի մասին եւ ոչ թե խորհրդարանական կառավարմանն անցնելու, քանի որ, Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, դա նահանջ է ժողովրդավարությունից:

Անդրադառնալով խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին` ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը զարմանալի փաստ համարեց, որ մեծամասնությունն է տապալում խորհրդարանի նիստը, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բոյկոտում է ընդդիմությունը:
Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ գաղափարական ընդհանրություններ եթե լինեն ընդդիմության դաշտում, ապա նրանք կմիավորվեն: Մինչդեռ, ըստ նրա, այն ինչ տեղի է ունենում այսօր` ինչ-ինչ հարցերի շուրջ համագործակցություն է զուտ:

Արամ Կարապետյանը նշեց, որ ինքը հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ և եկել այն եզրակացության, որ ՆԺԿ-ին հետաքրքիր չէ ընդդիմության առաջարկած օրակարգը, քանի որ օրակարգի տրամաբանությունը պարզ չէ, իսկ երբ հայտնի լինի միասնական թեկնածուն, այն ժամանակ կասի իր մոտեցումը:

Թողնել պատասխան

Back to top button