ԿարևորՀասարակություն

Էդվարդ Նալբանդյանը ԱՄԷ-ում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնել, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, Մուհամադ Ահմադ Մուրին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես կարևորել են միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։ Աբու Դաբիում կայացել են նաև Էդվարդ Նալբանդյանի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։ ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են Երևանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային օրակարգի խնդիրների՝ Գազայի հատվածում լարվածության աճի և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Ալ Նահայանը անդրադարձել են միջազգային հարթակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների սատարման հարցերին։ Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը։ Հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն է նվիրված եղել ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։ Նախարար ալ-Քասիմին ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցելությունները և գոհունակությամբ նշել, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։ Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձան Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։ Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։

Թողնել պատասխան

Back to top button