ԿարևորՀասարակություն

Դեսպան. Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ միջև առևտրաշարջանառությունը կայուն է, զարգացում տեղի չի ունենում

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով Մամուլի ազգային ակումբն այսօր «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման է հրավիրել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին: 20-ամյա հարաբերությունները Զդիսլավ Ռաչինսկին գնահատել է գործընկերային` հիմնված փոխադարձ վստահության և համագործակցության վրա: «Ոչ միայն կառավարություններն ու պետական կառույցներն են համագործակցում, այլև այլ հաստատությունները»,-ասել է դեսպանը: Նա ցավով է նկատել, որ երկու երկրների միջև առևտրաշարջանառությունը կայուն է` 30 մլն եվրո, այսինքն` զարգացում տեղի չի ունենում: «Իհարկե, այս թիվը չի արտացոլում շրջանառության իրական ծավալները, քանի որ լեհական շատ ապրանքներ Հայաստան են հասնում Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի տարածքով»,-ասել է Զդիսլավ Ռաչինսկին` առավել կարևորելով ներդրումային համագործակցությունը:

«Մինչև այժմ ընդամենը մեկ լեհական խոշոր ընկերություն է մուտք գործել Հայաստան, այն արժեթղթերի լեհական գործարանն է: Չեմ թաքցնում, որ մուտք է գործում ևս մեկ ընկերություն: Այն ռիսկի է դիմում, մեծ գումարներ է ներդնում, սպասում ենք, թե ինչ կլինի արդյունքում: Լեհաստանում շատ ընկերություններ կան, որ կարող են ներդրումներ կատարել Հայաստանում: Նրանք հասկանում են, որ այդ շուկան հեռու է, երկիրը կիսաշրջափակման վիճակում է, բայց լավ ներդրողն ավելի հեռուն է նայում ու հասկանում, որ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են սննդի արտադրությամբ, մրգերի, կաթի վերամշակմամբ»:

Թողնել պատասխան

Back to top button