ԿարևորՔաղաքական

Շարմազանով. Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել

«Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի  հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է»,- հայտարարել է ՀՀ ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմալ Չիչեքի հայտարարության։

«Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ։ Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը: Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ: Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլիորի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրել էր օկուպացիա իրականացնելու մեջ։

«Հայաստանը զավթիչ երկիր է։ Նա խնդիրներ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ։ Ցավոք սրտի՝ հայկական պետությունը կախված է հայկական լոբբիից, որի արդյունքում վերածվել է նրա պատանդի»,- ասել է Չիչեքը։

Թողնել պատասխան

Back to top button