Քաղաքական

ՀԱԿ- ի իրական ուժը շատ մեծ է, ժողովրդի վստահությունը՝ եւս, կարծում է Լեւոն Զուրաբյանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ընդդիմությունը վերջին տասը տարում առաջին անգամ, օգտագործելով իր սահմանադրական իրավունքը, հրավիրել է արտահերթ նիստ, ինչը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու լուրջ հնարավորություն է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սա բնորոշում է որպես «մի գործ, որին սպասում են բոլորը՝ հասարակությունը, միջազգային հանրությունը: Եթե իրականացնենք նախատեսված վերափոխումները, դա թույլ կտա վերադարձնել հասարակության հավատն ընտրությունների նկատմամբ»։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստորագրահավաքի կազմակերպմամբ ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստը որակել էր որպես արհեստածին, որից Գալուստ Սահակյանն առանձնապես սպասելիքներ չուներ:
Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ հարցի շուրջ կայացել է քաղաքական լուրջ համախմբում ԱԺ 4 խմբակցությունների միջեւ, իսկ դիմադրում է միայն ՀՀԿ-ն: Սակայն իրենք պատրաստ են հաշվի առնել նաեւ ՀՀԿ-ի որոշ առարկություններ, ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ին` ի դեմս Լեւոն Զուրաբյանի, հուսադրող են թվում քաղաքական խոշոր ուժերի ցուցաբերած շահագրգռությունը մի շարք հարցեր համատեղ լուծելու առումով: Գործակցության եզրեր կան, սակայն հստակ արդյունքներից խոսելը Զուրաբյանը դեռ վաղ է համարում:
Սակայն նախագահական ընտրություններում համատեղ մշակված քայլեր դեռ չկան, բանակցություններն այս հարցի շուրջ շարունակվում են: Զուրաբյանը որեւէ մեկնաբանություն կամ տեսակետ չհնչեցրեց ի պատասխան հարցի, թե արդյոք իրենք տեսնում են Ծառուկյանին ընդդիմության միասնական թեկնածուի դերում: Միաժամանակ նաեւ որեւէ նորություն չհաղորդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու մասին: Հայաստանի առաջին նախագահին վերագրվող պասիվությունը Զուրաբյանը տարածեց նախագահի մյուս թեկնածուների վրա եւս, ովքեր եւս դեռ չեն շտապում հայտնել իրենց առաջադրման մասին:
Թե ինչու Գյումրիում ԲՀԿ-աական քաղաքապետը սատարում է ՀՀԿ-ի, եւ ոչ ՀԱԿ-ի թեկնածուին, ԲՀԿ-ի բացատրություններին տեղյակ են, դա չի նպաստում վերջին օրերին ստեղծված ոգուն, սակայն, ըստ ամենայնի, միաժամանակ նաեւ առանձնապես չի խանգարում վստահությամբ մոտենալու նոր հնարավոր գործընկերներին:
«Ռադիոլուր»-ի հարցին, թե մտավախություն չունեն օրերից մի օր հիասթափվելու ՀՀԿ-ի նախկին կալիցիոն գործընկեր ԲՀԿ-ից,  Զուրաբյանն արձագանքեց, թե եթե շանս կա, ինչու չօգտագործել եւ չօգտագործել մինչեւ վերջ։
Ինչ վերաբերում է դաշնակցությանը, սպա նրանք էլ չեն անձնավորում քաղաքական հարցերը, ընդգծում են սկզբունքների կարեւորությունը: Իսկ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի սկզբունքներն ընդհանրություններ ունեն, ասաց Զուրաբյանը: Դե իսկ եթե չի ստացվի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, ապա կանենք միայնակ, նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ իրենց իրական ուժը շատ մեծ է, ժողովրդի վստահությունն իրենց հանդեպ եւս։ 

Թողնել պատասխան

Back to top button