ԿարևորՀասարակություն

Կառավարությունը ՔԿՀ- ներում երկարաժամկետ ու հեռահար լուծումների կողմնակից է

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ եվրաինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների անդամները վերջերս այցելել էին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ՝ նպատակ ունենալով ծանոթանալ առկա վիճակին ու դատապարտյալների պահման պայմաններին։
Պատգամավորները   հանդիպել են դատապարտյալների հետ, եղել են նրանց խցերում, լսել են նրանց խնդիրները: Այցելությունների արդյուքներն այսօր ամփոփվել են լսումներով, որոնց մասնակցել են նաև ոլորտի պատասխանատուները։
Քրեակատարողական համակարգում առկա խնդիրները լուծելու երկու ճանապարհ կա. մեկը արագ ու կոսմետիկ քայլերի ճանապարհն է, մյուսը՝ հեռահար ու հիմնովին լուծումների: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ոլորտում երկարաժամկետ  ու հեռահար լուծումների կողմնակից է, թեև գիտի, որ սա նշանակում է քննադատության թիրախ լինել:

«Ես հասկանում եմ և պատրաստ եմ առաջիկա մի քանի տարիների ընթացքում լսել քննադատություն, որն առավելապես հիմնավոր է լինելու»,- ասաց նա:

 

ՔԿՀ- ներում առկա խնդիրները՝ ըստ նախարար Թովմասյանի

Հայաստանում կա 13 քրեակատարողական հիմնարկ, որտեղ մոտ 5000 դատապարտյալ է պահվում: Գերբնակեցում ոլորտում կա , Արմավիրում կառուցվող  քրեակատարողական հիմնարկը, ըստ նախարարի,  էականորեն լուծելու է այս խնդիրը,  իսկ մյուս խնդիրները  շարունակում են նույնը մնալ՝ շենքային վատ պայմաններ, զբաղվածության խնդիր, որակյալ կադրեր, կալանավորի նկատմամբ վերաբերմունքի,  նաև  բարոյահոգեբանական խնդիրներ:

 

Ինքնախեղման կամ ինքնավնասման  փաստերի մասին

Թե ինչու են դատապարտյալները հաճախ դիմում նման քայլերի, Հրայր Թվմասյանը մի քանի պատճառ է նշում: Նպատակ ունեն այս կերպ իրենց կամ իրենց գործի վրա  ուշադրություն հրավիրել, ցանկալի դատավճռի հասնել, բանտային ադմինսիտրացիայի վրա այս կարգի պարտադրանք գործադրելով արտոնություններ ստանալ, և միայն  որպես 5-րդ պատճառ է նշվում իրավիճակը, երբ ինքնավնասման դեպքերը բանտային պայմաններից կամ արդարադատությունից  դժգոհելու ահազանգ են:
Հրայր Թովմասյանի խոսքով՝  քիչ չեն դեպքերը, երբ ինքնավնասման ճանապարհով դատապարտյալները հեռախոս կամ թմրանյութ են պահանջում:

«Ցանկացած դեպքում հայտարարում եմ, մեկ անգամ և վերջնականապես, նման պահանջներին ընդառաջ չենք գնալու, եւ ուզում են նաև տեղեկացնել, որ այդ պահանջների չկատռարումն է, որ նպաստել է վերջին 3-4 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում սպանության դեպքեր չունենալուն»:

 

ՄԻՊ- ը «արդարացի շանտաժի» մասին

Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ եղել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում և հանդիպել այն դատապարտյալի հետ, ով կարել էր բերանն ու աչքերը: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է արվում ինքնավնսաումը, այն ինչ-որ խնդիր լուծելու նպատակ ունի, ասում է օմբուդսմենը:

«Ցավոք սրտի, այդ արդարացի շանտաժը, քանի որ կարելը շանտաժ է, այնուամենայնիվ խնդիր լուծելու համար է»։

Օմբուդսմենը համոզված է, որ  քրեակատարողական հիմնարկներում առկա  խնդիրների հիմքում արդարադատության խնդիրն է, որը, ըստ նրա, սկսվում է դատարանից, քրեական օրենսգրքից,  հասնում է քրեկատարողական հիմնարկ, բախվում արդեն այստեղ առկա ու թափ հավաքող քրեական աշխարհի օրենքներին ու կոռուպցիային:
Ի դեպ՝ պաշտպանը հանձն առավ իրենց առաջարկները որպես օրենսդրական փոփոխություններ ձևակերպել ու ներկայացնել խորհրդարան:

 

Իրավապաշտպանների դիտարկումը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարևողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող խմբի ղեկավար Արթուր Սաքունցն իր հերթին լսումների ավարտին արձանագրեց. բոլոր խնդիրները, որոնց անդրադարձ եղավ քննարկման  ժամանակ, 2004 թ-ից ի վեր  զեկույցների տեսքով ներկայացվել են արդարադատության բոլոր նախարարներին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button