Տնտեսական

Կառավարության ծրագիրը քննարկում են քաղաքական ուժերը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ այսօր  քաղաքական կուսակցությունների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, տնտեսագետների մասնակցությամբ տեղի ունեցավ  կառավարության 2012 թ. հունիսի 18-ին հրապարակված ծրագրի քննարկումը։
«Պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորություններ»,-  ասված է այդ փաստաթղթում։ Այն նախատեսված է մոտակա 5 տարիների իրագործման համար և ունի 3 հիմնական գերակայություն` տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման մարդկային կապիտալի զարգացում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Ըստ քննարկման նախաձեռնող դեմկուսի  նախագահ Արամ Սարգսյանի գնահատման՝ այս ծրագիրը հավակնոտ է, սակայն դրա իրագործումը կասկածներ է հարուցում: Ամենամեծ մարտահրավերը դա ահագնացող արտագաղթն է, նշեց դեմկուսի առաջնորդը։
Պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանն անվերադարձ լքել է ավելի քան 170 հազար մարդ, ինչը հհավասարազոր է մի քաղաքի բնակչության թվին։
Արամ Սարգսյանը նշում է, որ ծրագրի դրույթները ավելի շատ բարի ցանկություններ են հիշեցնում, քան գործով  ամրագրված քայլեր: Ըստ նրա՝ երկիրը կարիք ունի համակարգային բարեփոխումների, ինչի մասին ծրագրում ոչ մի խոսք չկա։
Համալիր փոփոխությունների օգտին խոսեց և դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ ծրագիրը հուշում է, որ կառավարությունը ընկալում է երկրի առջև ծառացած մարտահրավները, սակայն ծանոթանալով գալիք տարվա բյուջեի հետ պատգամավորը հասկացել է, որ գործնականում գործադիրն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում:

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը անդրադառնալով իրենց գերատեսչությանն առնչվող ոլորտի զարգացման հարցերին՝ ընդգծեց, որ կառավարությունը արդեն իսկ ձեռնակում է առաջին հստակ քայլերը վիճակը շտկելու համար:

Ինչպես ասվում է գործադրի ծրագրում «Այժմ մեր խնդիրն է բարեփոխումների առաջին արդյունքները ձևափոխել կայուն և հարատև ինստիտուցիոնալ հարաբերությունների, դրանք դարձնել բոլորի համար շոշափելի և տեսանելի: Յուրաքանչյուր ոք պետք է տեսնի և զգա կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների արդյունքները, յուրաքանչյուր ոք պետք է ունենա ինքնադրսևորման և ինքնաիրացման բոլոր հնարավորությունները: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ այս ծրագիրը պահանջված է ու ժամանակին, և մենք ունենք ժողովրդի աջակցությունը՝ այն կյանքի կոչելու համար»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button