Հասարակություն

Զգուշացեք հակաբիոտիկներից

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Ինքնաբուժությամբ զբաղվելն ու առանց բժշկի նշանակման հակաբիոտիկների օգտագործումը կհանգեցնի նրան, որ մենք կրկին կհայտնվենք նախահակաբիոտիկների դարաշրջանում: Հակաբիոտիկների չհիմնավորված ընդունումը նպաստում է գերկայուն մանրէներով պայմանավորված համաճարակի տարածմանը եվրոպական տարածաշրջանում: Ի դեպ, նշենք, որ նոյեմբերի 18-ը ողջ Եվրոպայում հակաբիոտիկների վերաբերյալ իրազեկման օրն էր: Այսօր թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են հայ մասնագետները: շԱնհիշելի ժամանակներից շատ ազգեր բորբոսն օգտագործում էին վերքերի բուժման նպատակով: Շուրջ մեկ դար առաջ անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերեց պենիցիլին կոչվող հակաբիոտիկը ու դրանով սկսվեց հակաբիոտիկների դարաշրջանը. դարաշրջան, որը նշանավորվեց միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկելով: Լրագրողներին որոշ պատմական տվյալներ փոխանցելուց հետո՝ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խոսեց այսօր ողջ աշխարհի բժշկագիտության առջեւ ծառացած մի խնդրի՝ հակաբիոտիկների նկատմամաբ դեղակայուն մանրէների առաջացման մասին: Ինչ է սա նշանակում, բացատրում է Սերգեյ Խաչատրյանը.«Սա նշանակում է, որ մեր կողմից, հասարակության կողմից, բժշկական հանրության կողմից հակաբիոտիկների նշանակումը եւ օգտագործումը տեղի է ունենում այն ճանապարհով, որը հանգեցնում է դեղակայուն ձեւերի առաջացմանը, որն էլ իր հերթին բերում է հիվանդությունների բուժման սխեմաների բարդացման, դրանց վրա ծախսվող միջոցների մեծացման, նոր հակաբիոտիկների ստեղծման անհրաժեշտության…»:

Մասնագետները կոչ են անում բոլորին ՝ չօգտագործել հակաբիոտիկներն այնպես, ինչպես դա արվում է այսօր՝ առանց նշանակումների, առանց հատուկ ցուցումների:
«Հակաբիոտիկները բացառապես դեղատոմսերով նշանակվող դեղեր են, դրանց օգտագործումը պետք է լինի խիստ վերահսկելի, ռացիոնալ: Սա է այն ճանապարհը, որով կկարողանանք խուսափել մի երեւույթից, եւ եթե այսպես չանենք, ապա մի քանի տարի հետո գուցե կհայնտվենք նախահակաբիոտիկային դարաշրջանում, այսինքն հակաբիոտիկներն այլեւս ազդեցություն չեն ունենա մանրէների վրա եւ սա կլինի անուղղելի իրավիճակ եւ կառաջացնի շատ մեծ բարդություններ բշկագիտության համար»:

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի խոսքով՝ վերջին 25 տարիների ընթացքում նոր հակաբիոտիկների ստեղծումը աստիճանաբար նվազում է: «Եթե 80- ականներին մոտ 4 տարվա ընթացքում սինթեզվում ու առողջապահության ոլորտ էր մուտք գործում 16 հակաբիոտիկ, ապա 2010-2011 թթ-ին ընդամենը 2 նոր հակաբիոտիկ, եթե այսպես շարունակվի, ապա մեր նորաստեղծ անտիբիոտիկները այլեւս չեն ազդի»:

Ի՞նչ անել նման իրավիճակում չհայտնվելու համար. մանսագետները վստահ են, որ մեծ դերակատարում ունի բնակչության իրազեկվածությունը: Հակոբ Թոփչյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները պարզել են, որ եթե օրինակ իրազեկվի ամեն ուտելուց առաջ ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, ապա քառասուն տոկոսով կնվազի հակաբիոտիկների ընդունումը: Արդյոք ավելի հեշտ չէ պարզապես արգելել դեղատնտերում հակաբիոտիկների ազատ վաճառքը մեր հարցին Սերգեյ Խաչատրանն այսպես պատասխանեց. «Ցավոք սրտի մեր դեղատներում այսօր հակաբիոտիկները վաճառվում են առանց դեղատոմսի, որը հակասում է մեր բոլոր կանոնակարգերին, բայց ես հուսով եմ, որ նոր օրենքով շատ խիստ պատիժ կնախատեսվի առանց դեղատոմսի հակաբիոտիկների վաճառքի համար»: Իսկ մինչեւ նոր օրենքի ընդունումը ԱՆ փոխնախարարի խոսքով պետք է աշխատանք տանել նաեւ դեղատան աշխատակիցների հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին առանց դեղատոմսի հակաբիոտիկ գնողներին բացատրեն դրանց հետեւանքների մասին:

Թողնել պատասխան

Back to top button