ԿարևորՏնտեսական

Երեւան- Վան չվերթը կգործարկվի գարնանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

2010 թվականի աշնանը, երբ հայ- թուրքական սահմանի բացման հարցը դեռ արդիական էր, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, «Եվրասիա» հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կոնսորցիում է ստեղծվել` նպատակ ունենալով իրականացնել ուսումնասիրություն` պարզելու բիզնեսի, քաղաքացիական հասարակության,  մշակույթի, լրատվական դաշտի վիճակը։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են։ Ըստ նրա՝  հայ-ուկրաինական ապրանքաշրջանառության ծավալի պաշտոնական եւ հայ-թուրքական ապրանքաշրջանառության ծավալի ոչ պաշտոնական ցուցանիշերը նույն մակարդակին են: Սակայն տարբեր են միմյանց հետ գործակցության մեթոդները։
Թուրքական եւ հայկական բիզնեսն իրար հետ հարաբերվում են բիզնեսի էթիկայի չգրված օրենքներով, քանի որ պաշտոնապես հնարավոր չէ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանել: Սակայն չնայած թուրքական կողմի սառը եւ թշնամական վերաբերմունքին` Թուրքիայից Հայաստան ներկրումները տարեցտարի ավելանում են: Դա կատարվում է Վրաստանի տարածքով։
Արսեն Ղազարյանը տնտեսական հարաբերությունների ոլորտում խոչընդոտներն առաջին հերթին թուրքական իշխանության քաղաքական կեցվածքով է  պայմանավորում, սակայն միաժամանակ նշում է, որ բավականին լուրջ գործընկերներ են ձեռք բերվել Թուրքիայի հասարակական դաշտում։
Ղազարյանը կարևորեց թուրքական հասարակության մեջ «տաբու» համարվող Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումների ծավալումը։
«Թուրքական հասարակության շատ պրոգրեսիվ շերտեր բանավիճում են հայերի գույքը հետ վերադարձնելու հարցով»,- ընդգծեց նա: Գործարարի խոսքով` հայ-թուրքական գործակցության մեջ լուրջ ներուժ է առկա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և կարի արդյունաբերության ոլորտներում։
Ի՞նչ կարող ենք մենք արտահանել։ Մեկ տասնյակից ավելի ապրանքներ, որոնք հաջողությամբ իրացնում ենք Եվրոպայում, ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում:
Արսեն Ղազարյանը փաստում է` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հարցում ավելի շահագրգռված են Արեւելյան Թուրքիայի կամ պատմական Արեւմտյան Հայաստանի՝ Վանի, Կարսի, Դիարբեքիրի, Էրզրումի գործարարները, որոնց հետ գործարար երկու  ֆորում էր ծրագրված,սակայն կազմակերպվեց 4-ը:
Արեւելյան Թուրքիայում գործարարները կողմ են նաեւ Երեւան-Վան ավիաչվերթերի իրականացմանը, որպեսզի դեպի Վան եւ Աղթամար զբոսաշրջային ուղին ավելի դյուրին լինի: Խնդիրները դեռ տեխնիկական են: Համապատասխան չափի ինքնաթիռների ձեռքբերման հարց պետք է լուծվի։ Արսեն Ղազարյանը հուսով է` խնդիրը կլուծվի արդեն եկող գարնանը։
Տնտեսության մի շարք ճյուղերում իրավական պայմանագրերի դեպքում գործակցության լուրջ ներուժ կա: Սահմանների բացումը տարածաշրջանային նշանակություն ունի, որից կարող են օգտվել բոլոր հարևան երկրները, սակայն ներկա էմբարգոյի պայմաններում ներդրումների հնարավորություններն ավելի են փոքրանում: Իսկ թուրքական կողմի դիրքորոշումը, համադրվելով ադրբեջանական անհավասարակշիռ վարքին, դեռ ավելի է կարծրանում։

Թողնել պատասխան

Back to top button