

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանում մեկնարկեց «XXI դարի մարտահրավերները եւ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական երկօրյան համաժողովը: Այն անցկացվում է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։
Համաժողովին մասնակցում են 20-ից ավելի փորձագետներ աշխարհի 10 երկրներից: Քննարկումները ընթանալու են «Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում», «Արցախյան հակամարտությունը եւ հայ քաղաքագիտական միտքը» և «Հիշողության քաղաքականությունը եւ Հայոց ցեղասպանությունը. արդի մարտահրավերներ եւ ռիսկեր» թեմատիկ նսիտերում։
***
«Ուրախ եմ, որ այս համաժողովի առիթով միավորվել են հայ քաղաքագիտական մտքի հայտնի ներկայացուցիչներն աշխարհի բոլոր չորս կողմերից: Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է հստակ գնահատել համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները, միջազգային հարաբերությունների կարևորագույն խնդիրները, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը: Այսօր մեզ խիստ անհրաժեշտ են տարածաշրջանային, միջազգային և համաշխարհային օրակարգի հարցերի շուրջ ձեր խորաթափանց վերլուծությունները, համատեղ քննարկումներն ու եզրակացությունները»,- ասված է ՀՀ նախագահի՝ համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում:
Համաժողովի պաշտոնական բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց, այս ձևաչափով համաժողովի անկացումը` հաշվի առնելով ներկայումս տարծաշրջանում և աշխարհում տեղի ունեցող արագընթաց և անկանխատեսելի զարգացումները:
Իր խոսքում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առջև ծառացած տարատեսակ մարտահրավերների կառավարման համակարգերը:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմեց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը կարևորեց հայ ժողովրդի միասնական ուղենիշի և զարգացման ծրագրի առկայության անհրաժեշտությունը:
«Հայաստանի շուրջ ձևավորված ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մեծապես կարևորում եմ Հայաստանի և Սփյուռքի ակադեմիական և վերլուծական ներուժի համադրմամբ նմանատիպ գիտական համաժողովների անցկացումը: Հիմնախնդիրներին և մարտահրավերներին անդրադառնալիս պետք է սերտորեն համադրենք մեր երկու կարևորագույն հատկանիշները՝ բազկի ամրությունն ու մտքի խորաթափանցությունը: Հայաստանի ազգային բանակը մեր տարածաշրջանում միակ անպարտելի բանակն է: Հայկական քաղաքագիտական մտքի մասին տեղյակ են ամբողջ աշխարհում»,- ասաց պաշտպանության նախարարը։
Համաժողովին մասնակցում է և Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ «Արդեն երկու տասնամյակ է, ինչ մենք կառուցում ենք մեծ աշխարհի մեր անկյունը, մեր պետությունը, կառուցում ենք՝ հաղթահարելով մեկը մյուսից դժվար ու դաժան մարտահրավերներ: Կառուցում ենք՝ դիմակայելով աղետի ու պատերազմի, շրջափակման ու ճգնաժամի»,- ասաց նա։