ԿարևորՀասարակություն

Ինչ արդյունքներ է գրանցել հայաստանյան ապահովագրական շուկան

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ինչ արդյունքներ է գրանցել հայաստանյան ապահովագրական շուկան վերջին լուրջ փոփոխություններից հետո, երբ ապահովագրությունը պարտադիր դարձավ ավտոմեքենա վարողների համար, եւ երբ պետական ծառայողների համար ներդվեց սոցիալական փաթեթը, որը նաեւ առողջապահական ապահովագրություն է ապահովում: Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Օհանջանյանն այսօր լրագրղներ հետ հանդիպմանը ներկայացրել է բազմաթիվ դրական ցուցանիշեր, ի հեճուկս որոնց, սակայն, լրագրողները բերել են ապահովագրական շուկայում առկա բազմապիսի խնդիրների օրինակներ

Հայաստանյան ապահովագրական շուկայի ձեւավորման սկիզբը համարվում է 1996 թվականի նոյեմբերի 19-ը, երբ ընդունվեց «Ապահովագրության մասին» առաջին օրենքը: Դրան հաջորդել են ոլորտին առնչվող բազմաթիվ օրենքներ եւ որոշումներ, որոնցից ամենանշանակալին ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն էր եւ պետական ծառայողների համար սոցիալական փաթեթի ներդրումը: «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» նախագահ Անդրանիկ Օհանջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել բազմաթիվ դրական ցուցանիշերով եւ լավատեսական դիտարկումներով:

Եթե կա լիարժեք վստահություն ապահովագրական ընկերությունների հանդեպ, ապա ինչի մասին են խոսում քաղաքացիների դժգոհություններն այն մասին, որ ապահովագրական ընկերություններն իրենց ծառայություններն առաջարկելիս կիրառում են խորամանկ խոստումներ եւ երկակի ձեւակերպումներ: Արդյունքում ստացվում է այնպես, որ սոցփաթեթ ստացած քաղաքացին կնքում է պայմանագիր, սակայն երբ առողջական խնդրի բերումով թակում է նույն այդ «առատաձեռն» ընկերության դուռը, պարզվում է, որ այն տարեկան բուժկանխարգելիչ հետազոտության համար «սրտաբաց» կերպով պատրաստ է տրամադրել ընդամենը 3 հազար դրամ: Եւ դա այն դեպքում, երբ ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնապես փաստում է, որ բուժծառայությունների սակագները տարբեր ծառայությունների դեպքում բարձրացել են անգամ տասնյակ տոկոսներով: Այսինքն` նշված 3 հազար դրամով այլեւս ամենաէժան լաբորատոր փորձաքննությունն էլ չի ապահովվում, իսկ համալիր բուժկանխարգելիչ միջոցառումների մի քանի տասնյակ անգամ թանկ արժեքի մասին էլ չենք խոսում:

Անդրանիկ Օհանջանյանը կոնկրետ առաջարկներ չներկայացրեց նաեւ այն խնդիրների լուծման համար, երբ ապահովագրական գործընթացները սահուն չեն ընթանում: Բազմաթիվ քաղաքացիներ նաեւ մարզերից սոցիալական փաթեթով ու ապահովագրությամբ գալիս են բուժհաստատություն եւ ընկնում բազմապիսի քաշքշուկների մեջ` ստիպված լինելով զուտ տեխնիկական թղթաբանության համար ժամանակ ու նյարդեր վատնել, դռնից դուռ գնալ: Ընդ որում` եթե ձայնդ բարձր չէ, տեղեկացվածությունդ եւս, ապա պետք է պատրաստ լինես, որ որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունը չի ստանձնի առողջական ծախսերդ վճարելու գործը: Մեր բարձրաձայնած այս խնդիրների դեպքում Անդրանիկ Օհանջանյանը որպես խնդրի մեկ այլ հասցեատիրոջ մատնանշում է Ֆինանսների հաշտարարին :

Որ Հայաստանում շատ հարցեր կարգավորվում են ոչ տրամաբանական հարթության մեջ, դա թերեւս նորություն չէ: Այսքանով հանդերձ` Օհանջանյանը պնդում է, թե ապահովագրական ընկերությունները Հայաստանում աշխատում են երբեմն զրոյական շահույթով, օրինակ ԱՊՊԱ-ի դեպքում, այլ դեպքերում էլ շահութաբերությունը փայլուն չէ: Համախառն ապահովագրավճարների 72 տոկոսն ուղղվում է հատուցումներին. վստահեցնում է Օհանջանյանը: Ինչեւէ, ապահովագրական շուկան մեր երկրում դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու: Իսկ մինչ այդ` Օհանջանյանն ընդգծում է, որ եկող տարվա համար ավտոմեքենա վարողների համար պարտադիր ապահովագրության սակագները չեն բարձրանալու: Իսկ գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության հարցը կառավարությունում թեեւ քննարկվել է, սակայն կոնկրետ քայլեր դեռ  չեն սպասվում:

Թողնել պատասխան

Back to top button