ԿարևորՀասարակություն

Սիրիայի հայ համայնքին օգնելու նպատակով Լոս Անջելեսում կայացել է հերթական դրամահավաքը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Լոս Անջելեսում կայացել է հերթական դրամահավաքը` Սիրիայի հայ համայնքին օգնելու նպատակով: Սիրիրահայերի զորակցության միացյալ մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի հասույթը կուղղվի պատերազմական գոտում գտնվող մեր հայրենակիցների աջակցության ֆոնդին: Այս անգամ Սիրիա կուղարկվի քառորդ միլիոն դոլար: Հանգանակությանը մասնակցել են նաև Լոս Անջելեսի Շամլյան, Ֆերահյան և Փիլիպոս ազգային վարժարանների սաները` իրենց լուման ավելացնելով սիրիրահայերի օգնության ֆոնդին: Զորակցության մարմնի պատասխանատուները շեշտում են, որ իրենց գլխավոր ձեռքբերումը համայնքի համախմբումն է՝ հայրենակիցներին օգնելու նպատակի շուրջ:
Մեկ սիրտ, մեկ հոգի. միանանք և օգնենք կարգախոսով համերգը Լոս Անջելեսում էր հավաքել Հայաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից ժամանած հայ և օտար երաժիշտների: Նրանք իրենց ձայնը միացրին Սիրիայի հայ համայնքին աջակցելու կոչին: 3000 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է: Համերգը կազմակերպել է ՄՆ արևմտյան ափի 10 ազգային կառույցների միավորող` Սիրիահայության զորակցության միացյալ մարմինը: Առաջիկա շաբաթների ընթացքում ՄՆ-ի արևմտյան ափի հայ համայնքի անունից սիրիահայերին կուղարկվի 250 հազար դոլար, հայտնեց կառույցի ղեկավար Զավեն Խանջյանը:

Սիրիահայերի զորակցության մարմինը հանգանակությունը սկսել է մոտ մեկ ամիս առաջ: Սիրիայում միևնույն ազգային նույն կառույցներից ձևավորված Շտապ օգնության միացյալ մարմնին արդեն ուղարկվել է ավելի քան 100 հազար դոլար:
Սիրիրահայերի աջակցության համերգին մասնակցեցին Ռուբեն Հախվերդյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, Արմեն Մովսիսյանը, Լիլիթ Պիպոյանը, տասնյակ այլ երաժիշտներ: Սիրիահայերի զորակցության միացյալ մարմնի հերթական նախաձեռնությունը տեղի կունենա Սան Ֆրանսիսկոյում: Լոս Անջելեսում հանգանակությունը կվերսկսի Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնից հետո և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի հայ համայնքը աջակցության կարիք ունի:

Թողնել պատասխան

Back to top button