Հասարակություն

Ձմռանը ապաստան որոնող անօթեւանների թիվն ավելանում է

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում անօթևանների թիվը գուցե շատ է, սակայն 18 տարեկանից բարձր անօթևանների երկու կացարան կա Երևանում, որտեղ կարող են ժամանակավոր բնակություն հատատել  ընդհանուր հաշվով մոտավորապես 110 անօթևաններ: Դրանցից թիվ մեկ տուն-ինտերնատին կից կացարանում 50 տեղ է հատկացված նրանց համար, սակայն  որքան ցրտում են եղանակները, այնքան ավելանում է փողոցում հայտնված անտունների թիվն ու կացարաններում ստիպված ավելացնում են մահճակալների թիվը, որպեսզի կարողանա ընդունել դիմողներին:
Սակայն մինչ այն նրանք պետք է դիմեն սոցապնախարարություն, ենթարկվեն  բժշկական քննության, ինչից հետո արդեն հնարավորություն է տրվում  60 օր մնալ անօթևանների համար հատկացված կացարանում, ընդունման կարգը բացատրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը՝ հավատացնելով, որ ընդունման հարցերը լուծվում են մեկ ժամվա ընթացքում.

Վարչության պետը տեղեկացրեց, որ փորձում են նաև անօթևանների համար աշխատանք գտնել, արդեն 15 մարդու կարողացել են ապահովել աշխատանքով՝ հիմնականում շինարարությունում։ Նրանց մեջ կան նաև բարձրագույն կրթություն ստացած անձիք, ասաց:

Բացի Հաղթանակ թաղամասում գործող տուն-ինտերնատից, ևս մեկը քաղաքապետարանի աջակցությամբ հիմնել է Կոֆոիդ հիմնադրամը։
Ժամանակավոր կացարաններում անօթևաններին ապահովում են հագուստով, հիգիենայի պարագաներով, սննդով: Ընդ որում՝ տարեկան պետական բյուջեով 59 միլիոն դրամ է հատկացվում անօթևանների համար, նրանցից  յուրաքանչյուրի համար օրական ընդհանուր ծախսը կազմում է 3075 դրամ, որից 1340 դրամը սնունդի համար:

Առավել ցավալի է մուրացիկ անօթևան անչափահասների վիճակը։ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը հայտնեց, որ այսօր 15 թափառաշրջիկ, մուրացիկ անչափահաս կա Հայաստանում, որից  7-ը միայն Լոռու մարզից: Մինչև 14 տարեկան 4 երեխա կա:

Թափառաշրջիկ մուրացիկների թիվը նվազում է տարեցտարի, մինչդեռ մանկատների բնակիչների թիվն ավելանում, մեծ է նաև որդեգրումների թիվը, ընդ որում՝ նաև արտասահմանից։
Ուսումնասիրություն չի կատարվում պարզելու, թե ինչու է պակասել թափառաշրջիկ մուրացկան անչափահասների թիվը: Վարչության պետը ամեն օր տեսնում է թե ինչպես են երեխաները մոտենում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած ավտոմեքենաների վարորդներին ու գումար խնդրում: Նա նույնպես ինչպես շատերս լսել է, որ որոշ դեպքերում մուրացիկությունը որպես բիզնես է գործում, սակայն ստույգ վիճակագրություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չկա: Հարցով զբաղվում է ոստիկանությունը։

Թողնել պատասխան

Back to top button